Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվելու է մարզպետերի եւ փոխնախարարների հարցը

Հունիս 21,2012 20:41

Քիչ առաջ ՀՀԿ գլխավոր գրասենյակում մեկնարկեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որում, ամենայն հավանականությամբ, քննարկվելու եւ որոշվելու է մարզպետերի եւ փոխնախարարների հարցը:

Նիստին ներկա է եղել նաեւ Հանրապետական կուսակցության եւ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Ի դեպ, այսօր նախագահ Սարգսյանը ՀՀ նախագահական պալատում նաեւ խորհրդակցություն էր հրավիրել դատաիրավական համակարգի խնդիրների և բարեփոխումների վերաբերյալ, որին մասնակցել են ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը և ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդագրությունից` խորհրդակցության մասնակիցներն իրենց տեսակետները, դիտարկումներն ու առաջարկություններն են ներկայացրել ՀՀ դատաիրավական բարեփոխումների ծրագրի նախագծի վերաբերյալ: Դրանց հիման վրա նախագծում համապատասխան լրացումներ կատարելուց հետո, ՀՀ նախագահի կարգադրությամբ դատաիրավական բարեփոխումների 2012-2016թթ. միջոցառումների ծրագիրը կհաստատվի:

Օրակարգի հարցերի թվում զեկուցվել են ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների բաց նամակում արծարծված խնդիրները: Խորհրդակցության մասնակիցները քննարկել են նաև ՀՀ քրեադատավարական օրենսգրքի նախագծի արդի վիճակի, Արդարադատության ակադեմիայի մասին օրենքի նախագծի, զինվորական հանցագործությունների վերաբերյալ քրեական քաղաքականության վերաբերյալ հարցեր: Խորհրդակցության ավարտին Հանրապետության նախագահը մի շարք հարցերի վերաբերյալ հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել