Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը երեկ Ազգային Ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ մտահոգություն էր հայտնել, որ Հայաստանի ներկայիս տնտեսական իրավիճակով հնարավոր է Հայաստանում կրկնվի Հունաստանի սցենարը. «…Արտագաղթ, արտաքին պարտք, աղքատություն, այս գերակա ճանաչված ուղղությունների գծով ոչ մի առաջընթաց չի գրանցվել, ընդունել են 770 մլրդ արտաքին ներդրումներով, ավարտել՝ 450-ով, կառավարությունը գիտի՞, որ Հայաստանի արտաքին պարտքն անցել է 6,5 մլրդ-ը, այս ցուցանիշով աշխարհի երկրներում վերջից 13-րդ տեղում ենք, միթե՞ չեք հասկանում, որ կկրկնվի Հունաստանի դեպքը»:
Այօսր Aravot.am-ը հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանից հետաքրքրվեց, արդյոք կիսում է նախկին վարչապետի կարծիքը եւ որքանո՞վ է հնարավոր Հայաստանում Հունաստանի ճակատագիրը:
Պարոն Սաֆարյանի խոսքերով` մեր արտաքին պարտքը 3,6 միլիարդ դոլարի սահմաններում է, որը երկրի համախառն ներքին արդյունքի մոտ 40%-ն է կազմում. «Սա կարծես թե միջազգային տնտեսագիտական չափանիշներով համադրելի է: Այն երկրները, որոնց մոտ արտաքին պարտքը 140% է, կամ մի քիչ ավելի, կամ պակաս, այդ երկրները դեֆոլտ, բնականաբար, ունենում են: Հայաստանը այդ համադրելիության մեջ է: Բացի դա, մենք ունենք մի շատ լուրջ կռվան, որը մեզ թույլ է տալիս զարգացնել մեր տնտեսությունը: Ո՞րն է դա: Մենք դրսից բանկերով ստանում ենք տարեկան մոտավորապես 2 միլիարդ դոլար, մի այդքան էլ ստանում ենք ֆիզիկական անձերի միջոցով, գրպաններով, որ բերում են, այ հենց այդ 4 միլիարդ գումարն է, որ եթե պետությունը վարի ճկուն, նպատակամետ ֆինանսատնտեսական քաղաքականություն, մասնակցի արտաքին առեւտրին, շեւ այդ արտաքին առեւտրից սռաջացած առեւտրային կապիտալը դնի արդյունաբերության մեջ, մենք տարեկան առնվազն 10 տոկոս արտաքին առեւտրին մասնակցելու դեպքում, մենք կարող ենք ունենալ տարեկան 20-25 միլիոն ազատ փող ներդնելու տնտեսության մեջ: Այս 10 տարիների ընթացքում, հաշվեք, որ մենք կորցրել ենք մոտ 200 միլիոն դոլար: Դրանք նստել են մի քանի օլիգարխների գրպանները: Հունական սցենարը չեմ կարծում մեզ սպասվում է, որովհետեւ մենք ունենք լուրջ հոսք գումարների, պարզապես պետք է կարողանանք դրանք ճիշտ օգտագործել, դա երկրնքից ընկած մանանա է, որոնք պետք է օգտագործել ոչ թե ի շահ 5-6 օլիգարխների, այլ ի շահ ժողովրդի եւ պետության»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Կարդացեք նաև