Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտի ծառայողական գաղտնիքը փակ պահել

Հունիս 21,2012 17:57

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արսեն Մկրտչյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց ոստիկանության կազմակերպված հանցավորությունների դեմ պայքարի գլխավոր վարչության օպեր-լիազոր Մուրադ Բաղդասարյանի եւ ոչ մի տեղ չաշխատող Տիգրան Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Վկաներից ցուցմունք տվեց տուժող ճանաչված Գեորգի Պետրոսյանի կինը, որը հայտնեց, թե Տիգրանն իր եւ ամուսնուց ստացել է 23 000 դոլար գումար հայտնի նկարիչների ստեղծագործություններ բերելու համար: Սակայն ոչ միայն նկարները չի բերել, այլ՝ գումարը մինչ օրս չի վերադարձրել: Վկան ասաց, որ Տիգրան Հակոբյանը նկարի փոխարեն «անծանոթ նկարչի պլակատ» էր բերել:

Մեղադրող Աշոտ Նադոյանը հրապարակեց վկա Գեւորգ Թախվերդյանի 2010 թ. հունվարի 24-ի նախաքննության ժամանակ տրված ցուցմունքը/ Վկան հիվանդանոցում էր գտնվում, ինսուլտով-Ռ.Մ./:

Ըստ այդ ցուցմունքի, Գեորգի Պետրոսյանն իրեն ասել է, որ Տիգրանը խոստացել է հայտնի նկարիչների գործեր ձեռք բերել, այդ նպատակով 23 000 դոլար գումար է տվել: Հրապարակվեց նաեւ վկա Դավիթ Եգանյանի ցուցմունքը, որին առարկեց պաշտպանական կողմը, դատարանին մեղադրելով, որ զրկում է դրանով իսկ հարցեր տալու իրավունքից:

Այս վկան հայտնել էր, որ ոսկյա զարդեր էր վերցրել Տիգրանն իրենցից, Թուրքիայում պայմանագրեր կնքելու, եւ իր վատ վիճակը բարելավելու համար:

Ապա տիրացել էր զարդերին:

Դատարանն ավարտեց վկաների հարցաքննությունը, ապա հետազոտեց գործում առկա  ապացույցները:

Այնտեղ ամբաստանյալների բնակարաններից խուզարկության ժամանակ առգրավված հեռախոսներն էին, գաղտնալսման արձանագրությունները, որոնք ձեռք էին բերվել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, բնութագրերը: Ի դեպ, «Արիության մեդալի» արժանացած Մուրադ Բաղդասարյանի ծառայողական բնութագիրը տրված էր անձամբ իր պետի՝ Հ.Պողոսյանի կողմից: Նա համարվում է թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման դեմ պայքարի լավագույն օպերատիվ  աշխատողներից մեկը, որը ըստ այդ բնութագրի, գիտի «ծառայողական գաղտնիքը փակ պահել»:

Հաջորդ դատական նիստին ցուցմունք են տալու Մուրադ Բաղդասարյանն ու Տիգրան Հակոբյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930