Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի բժիշկները զանգվածաբար արտագաղթում են Ռուսաստան

Հունիս 21,2012 17:45

Այսօր Գյումրու «Տիրամայր Հայաստան» կոչվող համալիրում, որը գյումրեցիների շրջանակում ավելի շատ հայտնի է կուսանոց անվամբ, բուժաշխատողի օրվա կապակցությամբ, ճոխ սեղաններով, համերգային ծրագրով, սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ մեծարեցին շիրակցի բժիշկներին: Մի քանիսին պարգևատրեցին Հիպոկրատի երդմանը հավատարիմ մնալու ու բնակչությանը բարձր որակի ծառայություն մատուցելու համար:

Մեր ֆոտոխցիկը այս տոնական տրամադրության ֆոնին մի տխուր փաստ արձանագրեց. դահլիճում նստած բուժաշխատողների մեծ մասը տարեց մարդիկ էին, նոր դեմքեր գրեթե չկային: Եվ երբ այս մասին փորձեցինք կիսվել դահլիճի մի անկյունում հավաքված բժիշկների հետ, վերջիններս հավաստիացրին, որ սկսվել է գյումրեցի բժիշկների արտագաղթ: Ըստ մեր զրուցակիցների, Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացվող «Հայրենակիցներ» ծրագրից օգտվողները հենց գյումրեցի բժիշկներն են, որոնք մեկը մյուսի հետևից ընտանիքներով լքում են Հայաստանը: «Զարմանալու ոչինչ չկա, օրինակ` Մոսկվայում շտապօգնության բժշկի աշխատավարձը 2300 դոլարից է սկսվում, Սանկտ-Պետերբուրգում` 1800 դոլարից, իսկ մեր մո՞տ: Ուղղակի ցավն այն է, որ արտագաղթող բժիշկները, իրենց գործընկերների հետ խորհրդակցելով, պատճառ են դառնում, որ մյուսներն էլ օգտվեն ռուսական այդ ծրագրից ու հեռանան: Վաղը, մյուս օրը Գյումրին կդառնա որակյալ բժշկի կարոտ», -ցավով նշեց բուժհաստատություններից մեկի տնօրենը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930