Երեւանի Փակ շուկայի ստորգետնյա հատվածի նախագծի վերանայված տարբերակն այժմ գտնվում է ՀՀ մշակույթի նախարարությունում:
Ինչպես Մեդիամաքս-ի թղթակցին հայտնել են գերատեսչությունում, սեփականատերը ներկայացրել է ստորգետնյա ավտոկայանատեղու նախագծի վերանայված տարբերակը:
«Նախագիծը ներկայումս քննարկվում է մասնագետների կողմից»,- տեղեկացրել են Մշակույթի նախարարության մամլո ծառայությունում:
Ավելի վաղ Մեդիամաքս-ի հետ զրույցում Փակ շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը հայտարարել էր, որ Փակ շուկան կվերականգնվի իր նախկին տեսքով:
«Ավելանալու է ընդամենը ստորգետնյա ավտոկայանատեղին: Որեւէ հարկ չի ավելանալու: Լինելու է մեծ շուկա՝ առանց սրահների, տաղավարների: Նոր անուն շուկան եւս չի ունենալու»,- ասել էր Սամվել Ալեքսանյանը:
Կարդացեք նաև
Հունիսի 8-ին «Հայնախագիծ» ԲԲԸ տնօրեն Գրիգոր Ազիզյանը Մեդիամաքս-ի թղթակցին ասել էր.
«Սեփականատիրոջ կողմից ներկայացվելիք նախագիծը գրեթե պատրաստ է: Որոշ հարցերի հստակեցումից հետո այն կներկայացվի մշակույթի նախարարությանը: Ավելի վաղ Երեւանի քաղաքապետարանի եւ նախարարության կողմից ստեղծված համատեղ հանձնաժողովը առաջարկել էր 5 կետ, որոնք մատնանշել են շուկայի վերականգման գործընթացը»:
Ըստ Ազիզյանի, սեփականատիրոջ առաջարկած նախագծով շուկայի նկուղում նախատեսված է կառուցել ստորգետնյա ավտոկայանատեղի: Վերգետնյա հատվածում շուկայի նախկին տեսքը փոփոխությունների չի ենթարկվի:
«Արտաքին տեսքի ընդհանուր փոփոխություններ չեն լինի: Միայն ստորգետնյա կայանատեղու կառուցման համար շենքի երկու կողմից կարվեն մուտքեր, որոնք թույլ կտան մեքենաներին իջնել ավտոկայանատեղի: Կայանատեղից վերեւ կտեղադրվեն շարժասանդուղքներ, որտեղից մարդիկ կբարձրանան 0 հարկ՝ առեւտուր կատարելու», – պատմել է Ազիզյանը: