Գեղարքունիքի մարզի Արծվաշեն գյուղից 1992 թվականի օգոստոսի 8-ին բռնի տեղահանված բնակիչները, ՀՀ կառավարության կողմից ընդունված հայեցակարգի համաձայն, ստանում են միանվագ դրամական օժանդակություն:
Հատկացումներն արվում են ՀՀ պետբյուջեի պահուստային ֆոնդի հաշվին: Հատկացումներ կստանան միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող եւ Հայաստանում բնակվող արծվաշենցիները:
Որոշումն ընդունվել է նախորդ տարվա դեկտեմբեր ամսին: Որոշման շրջանակներում արծվաշենցիներին անհատույց դրամական աջակցություն ցուցաբերելու նպատակով պետբյուջեի միջոցներից հատկացվել է 708 միլիոն դրամ: Կառավարության հայեցակարգի համաձայն` բնակարանային խնդիրների լուծման նպատակով յուրաքանչյուր արծվաշենցի ստանալու է 360 հազար դրամի չափով փոխհատուցում: Փոխհատուցում ստանում է շուրջ 2000 արծվաշենցի:
Կարդացեք նաև
Հավելենք, որ 1992 թվականին Արծվաշենից Հայաստան է տեղափոխվել 633 ընտանիք, որոնց մեծ մասն այսօր ապրում է Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներում: ՀՀ կառավարության դեկտեմբերի 22-ի թիվ 1856-Ա որոշման համաձայն` բախշման շահառու ընտանիքները 601-ն են: Նրանց հիմնական մասը բռնագաղթից հետո բնակություն են հաստատել Ճամբարակ քաղաքում, ուր այժմ ապրում է շուրջ 2700 արծվաշենցի:
Ինչպես «Առավոտին» հայտնեց Արծվաշենի համայնքապետ Մամիկոն Խեչոյանը` ի տարբերություն նախորդ տարիներում արծվաշենցիներին տրված փոխհատուցումների` այս տարի տրված գումարները չեն օգտագործվելու հատուկ բնակարանաշինության նպատակով:
Ճամբարակի տարածաշրջանի տարբեր համայնքներում բնակվող արծվաշենցի ընտանիքներից ոմանք արդեն ստացել են փոխհատուցված գումարը, ոմանք շարունակում են ստանալ այս օրերին: Համայնքների ղեկավարների տեղեկացմամբ` ստացված գումարները օգտագործվում են բնակարանների նորոգման, գույքի ձեռքբերման կամ անձնական այլ նպատակներով:
Արծվաշենցիները հիմնականում վերաբնակվել են մոլոկանների բնակարաններում, վերակառուցել են տները կամ հիմնանորոգել: Այսօր արծվաշենցիների մեծ մասն ապրում է ճամբարակ քաղաքում: Նրանք խիտ բնակեցված են քաղաքի մի շարք փողոցներում` Օգոստոսի 23, Ավետիք Իսահակյանի, Գարեգին Նժդեհի: Գյուղապետը վստահեցրեց, որ այս տարում դրամական օժանդակություն ստացած արծվաշենցիները գումարները օգտագործել են բնակարանային գործերում, մասնավորապես՝ ամրացրել են տների տանիքները` տեղադրելով թիթեղյա ամուր տանիքներ:
Անի ՊՈՂՈՍՅԱՆ