Այսօր լրանում է Արցախյան ազատամարտի հերոս, ռազմական գործիչ Լեոնիդ Ազգալդյանի զոհվելու 20-ամյակը:
Նա Ղարաբաղյան շարժման առաջամարտիկներից էր, 1988-ի փետրվարին այն եզակի հայորդիներից, ով երկար չմնաց Ազատության հրապարակում: Գիտակցում էր, որ պատերազմն անխուսափելի է, պատրաստվել էր պետք: Մասնագիտությամբ ֆիզիկոս էր և Արագածի փեշերին ընկերների հետ զենք էր պատրաստում: 1990 թվականից արդեն իր ճակատագիրն ամբողջությամբ կապեց Արցախյան ազատամարտի հետ, իսկ 1992 թ.-ի հունիսի 21-ին, մարտական եղբոր կորստից մի քանի օր հետո՝ թշնամու դավադիր կրակոցից ընկավ նաև Լեոնիդ Ազգալդյանը:
Ֆեյսբուքյան օգտատերերից շատերը տեղադրում էին նրա լուսանկարները, youtube-ի տեսանյութերն ու մեկնաբանություններ թողնում. «Փառք հրամանատար Լեոնիդ Ազգալդյանին. Այսօր լրանում է հրամանատարի զոհվելու 20-ամյակը», – գրել է Յանա Շախրամանյանը, ֆեյսբուքյան օգտատեր Հռիփսիմե Գալստյանն էլ տեղադրելով ռազմական գործչի նկարը ցիտել է նրա՝ արտասահմանցի լրագրողի տված, հարցի պատասխանը. «Ինչպես հիշում է Լեոնիդ Ազգալդյանի զինակից Գագիկ Գինոսյանը, երբ արտասահմանցի լրագրողներից մեկը հարցազրույց վերցնելիս Լեոնիդին հարցրել է` «ի՞նչ գույն ունենք» (ասել է թե` որ կուսակցությանն եք պատկանում), հրամանատարը ծնկի է եկել , մի բուռ հող է վերցրել ու ասել.«Ահա իմ գույնը»:
Ֆեյսբուքում կա նաև Լեոնիդ Ազգալդյանի անունով էջ, որում թեև մայիսի 9-ից ի վեր գրառումներ չեն եղել: Ոչ մի նոր գրառում չկա նաև այսօր՝ Արցախյան ազատամարտի հերոսի զոհվելու 20-ամյակի օրը:
Տիգրանուհի Թասլակյան