Այսօր Արարատի մարզի Դարբնիկ գյուղ իրաքցի փախստականներին այցելության եկած Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանին շրջապատեցին Բաքվի փախստականները: Նրանք, մատնացույց անելով իրենց հանրակացարանից քիչ այն կողմ գտնվող իրաքցի փախստականների կացարանը, որը կոմունալ-կենցաղային հարմարություններով մի քանի անգամ ավելի լավ պայմաններ ուներ, պարոն Եգանյանից պահանջեցին իրենց էլ ապահովել բնակարանով: Նրանց խոսքերով, 20 տարուց ավելի է՝ պետությունը իրենց խնդիրը չի կարողանում լուծել: Բաքվի կենտրոնից Դարբնիկ գյուղ արտագաղթած Կարինե Պողոսովան ոչ մի կերպ չի հարմարվում այն միջավայրին, որտեղ արդեն 20 տարուց ավելի ապրում է, «Երկու տարի է՝ մեր տան հարցով նամակներ ենք գրում: Ի՞նչ է, մեզ այստեղից գերեզմաննե՞ր են միանգամից տանելու, գոնե մեր տնից մեզ վերցնեն: Մարդկանց կեսն արդեն մահացել է, սպասում են, որ մնացածներն է՞լ մահանան, որ մնան մի 10 հոգի»: Բաքվի փախստականների պահանջը Գագիկ Եգանյանին` դիտեք տեսանյութում.
Կարդացեք նաև
Պարոն Եգանյանը Դարբնիկ էր գնացել Փախստականների միջազգային օրվա առիթով իրաքցի փախստականների կազմակերպած միջոցառմանը մասնակցելու: Իրաքահայերը Բաքվի փախստականներին հորդորեցին իրենց օրը չփչացնել եւ Եգանյանին բոլոր բողոքները ուղղել միջոցառումից հետո: Իրաքահայերը մեծից փոքր մի քանի օր պատրաստվել էին: Մեծերը ձեռքի աշխատանքների, արաբական ուտեստների ցուցահանդես -վաճառք էին կազմակերպել, փոքրերն էլ` համերգ:
Երգուպարից հետո` Գագիկ Եգանյանի պարզաբանումները Բաքվի փախստականների դժգոհություններին` տեսանյութում:
Aravot.am-ի հետ զրույցում պարոն Եգանյանն ասաց, որ դեռեւս 1172 ընտանիք ընդգրկված է առավել կարիքավորների ցուցակում, որոնց բնակարանային հարցը լուծելու համար անհրաժեշտ է $45 միլիոն: Շուրջ 3000-ի հասնող կարիքավորներ էլ ապրում են բարեկամների, հարազատների տանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ