Արդեն երրորդ տարին է, ինչ «Ֆլեշմոբ դիվիզիան» կազմակերպում է «Բացօթյա ընթերցանության փառատոն»: Այս տարի այն մեկնարկեց hունիսի 21-ին` Գաֆէսճեան քանդակների պարտեզում: «Ֆլեշմոբ դիվիզիայի» համահիմնադիր Արմեն Սուքիասյանի խոսքով, այն ընթանում է «Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք 2012-ի» շրջանակներում: Նախատեսված են տաղավարներ, որտեղ մարդիկ կարող են գրքեր նվիրաբերել, իսկ դրանք էլ կհանձնվեն սահմանամերձ զորամասերի գրադարաններին: Բացի դա, այսօր կլինի զանգվածային ընթերցանություն եւ հեղինակային կատարողների համերգ:
Կազմակերպիչները փառատոնի շրջանակներում, երեք օր շարունակ անցկացնելու են տարբեր ծրագրեր. «Մանուկները եւ ընթերցանություն»-ը խորագիրն ունեցող միջոցառումն անցկացվելու է Սիրահարների այգում: Երեխաների համար ընթերցելու են մանկական հեքիաթներ, կլինեն նվերներ ու անակնկալներ: Կանցկացնենք ընթերցանության ֆլեշմոբեր Երևանի հանրային վայրերում, բացի սրանցից ունենք նախատեսած մի շարք ծրագրեր»:
Որքան գիրք կհավաքվի այս տարի, Արմեն Սուքիասյանը չի փորձում կանխատեսել, իսկ ահա փառատոնով հետաքրքրվողների թվի մասին ասում է. «Եթե նայենք աճի տեմպերով, ապա այս տարի, կարծում եմ, այն կհասնի 5000-ի»:
Վանաձոր քաղաքն ու Գյումրին նույնպես միացել են այս նախաձեռնությանը, ու ըստ համահիմնադրի` դա խոսում է միջոցառման հանդեպ ունեցած հետաքրքրության մասին: Այս ամենը արվում է, որպեսզի կապ ամրապնդվի մարդկանց ու գրքի մեջ: Նա նաեւ հույս ունի, որ եկող տարի «Բացօթյա ընթերցանության փառատոն»-ը կլինի միջազգային. «Այժմ ընթանում են բանակցություններ հարեւան երկրների, Գերմանիայի, Ռուսաստանի հետ, որ ամեն երկրում, ամեն քաղաքում անցկացվեն նմանատիպ ծրագրեր»:
Այս տարիների ընթացքում Արմենը նկատել է` մարդիկ ավելի շատ են կարդում բացօթյա վայրերում:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ