Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյանը քննադատում է, Գալուստ Սահակյանը հիշեցնում՝ ՀՀՇ-ի ծրագրերը, Նաիրա Զոհրաբյանը՝ խոսում «բարի ախորժակից»

Հունիս 21,2012 16:02

Հրանտ Բագրատյանն այսօր ԱԺ-ում  նշեց. «Կառավարությունը չի փորձել վերլուծել նախորդ 5 տարիների կատարվածը եւ ներկայացնել ծրագիր: Կատարյալ սուտ է, որ չնայած ճգնաժամին՝ աշխատավարձն ու թոշակները վճարվել են: Սա կատարյալ սուտ է, վճարվել է արտաքին պարտքից, դա նշանակում է, որ աշխատավարձերն ու թոշակները վճարվել են՝ մեր երեխաների հաշվին: Պատմության մեջ առաջին անգամ է, որ աճի փոխարեն անկում թույլ տված կառավարությունը հրաժարական չի տալիս»:

Հրանտ Բագրատյանի ներկայացմամբ՝ զգալիորեն թուլացել է երկրի արտաքին հեղինակությունը: Աշխարհում պարբերաբար հրատարակվող գրեթե բոլոր ինդեքսով Հայաստանը գրանցել է հետընթաց, տնտեսական ազատականության ինդեքսով նահանջել ենք ավելի քան 2 անգամ: Մեկուկես անգամ ավելացել են ինքնասպանությունը, հանցագործությունները կրկնապատկվել. «Կառավարության փաստաթղթից պետք է որոշակի պարտավորություններ բխեր: 45 էջանոց ծրագրում կա ընդամենը 9 թիվ: Ամեն տարի՝ 1-2  հազար դրամով թոշակները բարձրացնելիս կառավարությունը իսկական շնորհանդես է սարքում, բա գնե՞րը: Կենսական հարց է խնայբանկի ավանդների հարցը: Այն չնչին փոխհատուցումը, որ վճարվել է վերջին տարիներին, չի համապատասխանում ավանդատուների եւ նրանց հետնորդների պահանջներին»:

Տնտեսական մասը դպրոցական շարադրություն է հիշեցրել Հրանտ Բագրատյանին. «Ե՞րբ է սկսվելու ատոմակայանի շինարարությունը, ե՞րբ է լինելու շահագործումը, մարդիկ բերանը բաց սպասում են, թե ինչ է արվելու այս օլիգարխիկ համակարգը վերացնելու համար, որեւէ լուծում այստեղ չկա: Կոնկրետ առաջարկ չկա՝ դատական համակարգը բարելավելու ուղղղությամբ: Մենք կոչ ենք անում միահամուռ դեմ քվեարկել այս ծրագրին»:

Գալուստ Սահակյանը նշելով, որ ՀԱԿ-ն ասում է ծրագիրը ծրագիր չի, հիշեցրեց «վաուչերը, գյուղացիական տնտեսությունը քանդած» ՀՀՇ-ի ծրագիրը. «Ես չեմ քննադատում, ասում եմ՝ ճանապարհ ենք անցել, բոլորս բոլորին գիտենք: Ինչ վերաբերում է լրջագույն ձախողումներին՝ եթե լրջագույն ձախողումներ ունենար կառավարությունը՝ այստեղ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը չէին լինի: Այսօրվա ընդդիմությունը ոնց որ ֆանագրամա արած լինի այն ժամանակվա ընդդիմությանը: Էնպես են ելույթ ունենում, կարծես ընկել խնդրել-աղաչել ենք, ասում ենք՝ էս անգամ էլ կողմ քվեարկեք, մենք լավը կլինենք: Ձեր խոսք տվածն էլ ենք մենք անելու»:

Հովիկ Աբրահամյանը սրան արձագանքեց. «Գալուստ Գրիգորիչ, այնպես եք անելու, որ հետո մեզ մեղադրեն՝ իրենց խոստումները չկատարելու համար»:

Նաիրա Զոհրաբյանն էլ իր հերթին արձագանքեց Արմեն Աշոտյանի բարեկրթության կոչին. «Ես կարծում եմ, որ ոմանց ախորժակը այնքան լավ զարգանում է, որ լրացուցիչ բարեկրթության պակաս չկա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930