Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Մեղրու տարածաշրջանի գյուղերը բազմաթիվ խնդիրներ ունեն

Հունիս 21,2012 15:55

Մեղրու տարածաշրջանի Տաշտուն գյուղը 2000 մ բարձրության վրա է գտնվում: Բնակիչներն ասում են, որ տարվա 6-7 ամիսն այստեղ ձմեռ է, փայտի հոգսը շատ դժվար է լուծվում գյուղում, անցած տարի թափուկների տրամադրումը շատ ուշացավ, ձյունն արդեն նստել էր, իսկ գյուղացիները ստիպված էին ձյան տակից մեծ դժվարությամբ դուրս բերել իրենց հասանելիք փայտը, իսկ որոշ ընտանիքներ էլ նույնիսկ անկողիններից դուրս չէին գալիս: Բնակիչների պատմելով` այլ տեղերից փայտ ձեռք բերելիս բավականին թանկ է արժենում իրենց գրպաններին:

Տաշտունում անասնապահությունը զարգացած չէ: Ի տարբերություն Գորիսի ու Սիսիանի տարածաշրջանի գյուղերի, որտեղ բնակիչները հազարավոր գլխաքանակ ոչխար են պահում, ապա Տաշտունում ոչխար պահում է միայն մեկ ընտանիք` մոտ 30 գլխաքանակ: Տաշտունեցիների ասելով, տարվա մեծ մասն իրենց մոտ ձմեռ է եւ այդքան էլ ձեռնտու չէ անասնապահությամբ զբաղվել: Տեղաբնակները հիմնականում իրենց այգիներն են մշակում ու բերք ստանում: Գյուղի հիմնական խնդիրը բերքի իրացումն է, անցած տարի միայն 200 տոննա խնձոր, չիրացնելու պատճառով, փչացել է:

«Բերքի իրացման խնդիր միշտ էլ ունեցել ենք, կարտոֆիլ, խնձոր եւ այլ բերք չենք կարողանում իրացնել: Արտաշատից եւ այլ տեղերից բերում են՝ Մեղրիում փոխանակում կատարում այլ բերքի հետ, այդտեղից էլ մեզ մոտ բերքի իրացման խնդիր է առաջանում»- ասում է Տաշտունի գյուղապետ Հենրիկ Գաբրիելյանը:

Հաջորդ խնդիրը, որը կար բարձրադիր այս գյուղում, վարող տեխնիկայի բացակայությունն էր, որի պատճառով տասնյակ տարիներ շարունակ գյուղի հողամասերը բարձիթողի վիճակում էին մնացել, որոշ հողակտորներ էլ վարելու համար ստիպված Կապանի կամ այլ տարածաշրջանի գյուղերից էին տեխնիկա վարձում՝ բերում գյուղ: Տեխնիկայի հարցն արդեն լուծվել է, եւ 10 հա չափով ցանքս արդեն իրականացվել է գյուղի հանդամասում: Երիտասարդների համար թիվ մեկ խնդիրն աշխատանքի բացակայությունն է, որի պատճառով չեն ամուսնանում, գյուղում ծնունդ միայն մեկ տարի առաջ է եղել, իսկ ընդամենը 4 աշակերտ ուենցող դպրոցն այս տարի առաջին դասարան չի ունենա: Մեծահասակները ասում են, որ ամեն օր խոսում են, հորդորում են երիտասարդներին պսակվել, բայց անօգուտ է:

Տաշտունում բնակիչների կողմից բարձրացված այս խնդիրներին տեղում ծանոթացել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը` Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ, ով Մեղրու տարածաշրջան էր այցելել գյուղական համայնքներում լսելու բնակիչներին հուզող հիմնախնդիրները, դրանք քննարկելու, ուսումնասիրելու եւ համապատասխան աջակցություն ցուցաբերելու բարձրացված հիմնախնդիրների լուծման նպատակով:

Աշխատանքային խումբը եղավ նաեւ Մեղրու Լիճք գյուղում, որտեղ բնակիչները բարձրացրեցին խմելու ջրագծի փոխելու հարցը` ազբեստի խողովակաշարից բաղկացած ջրագիծը այլ խողովակաշարով փոխարինելու կարեւորագույն խնդիրը: 2.5 կմ խողովակաշարի նորացման աշխատանքները մեկնարկել են գյուղում, սակայն գումարի չբավականացման համար մնացած աշխատանքները ժամանակավոր հետաձգվել են:

Մեղրու մեկ այլ գյուղում` Վարդանիձորում, մարզային իշխանություններին տեղացիները ներկայացրեցին մանկապարտեզի կապիտալ նորոգման , գյուղի լուսավորության եւ այլ հարցեր:

Իսկ Լեհվազ գյուղում, որտեղ մանկապարտեզի նորոգման աշխատանքներ են իրականացվում, գյուղապետը մտահոգություն է հայտնում, որ տանիքի նորոգման համար լրացուցիչ գումարի անհրաժեշտություն կա: Լեհվազի մանկապարտեզ 25 երեխա է հաճախում, իսկ գյուղում ընդհանուր առմամբ 0-6 տարեկան 62 երեխա կա: «Լեհվազը աճող ու զարգացող գյուղ է, նույնիսկ տներն արդեն չեն բավականացնում բնակիչներին», – ասում է Լեհվազի գյուղապետ Սասուն Զաքարյանը:

Գյուղի հաջորդ խնդիրը գյուղամիջյան 500 մ խիստ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհի նորոգումն է, որտեղով արդեն մեքենաները դժվարությամբ են գնում:

Գյուղաբնակներին խորհուրդ է տրվել օգտագործել տեղական մեծ ռեսուրսները, զարգացնել անասնապահությունը, մեղվաբուծությունը, որը մեծ օգնություն կլինի եւ կթեթեւացնի գյուղացու հոգսը:

Հունիսի 20-ին Մեղրու տարածաշրջան կատարած այցի ժամանակ Սյունիքի մարզպետը եղել է Մեղրու տարածաշրջանում տեղակայված սահմանապահ զորամասերում, տեսակցել Մեղրու եւ Օրդուբադի սահմանին հերթապահություն իրականացնող զինծառայողներին, ծանոթացել նրանց առօրյային ու պայմաններին: «Առաջին հերթին եկել ենք զինվորներին տեսակցության եւ սահմանները նայելու: Որպես նաև նախկին զինվորական, ուզում եմ զինվորների պայմանները տեսնել: Բավականին նորմալ պայմաններ են, փառք Աստծո, զինվորների մարտական ոգին տեղն է։ Նրանք իսկապես պատրաստ են հայրենի սահմանները ամուր պահելու: Ինչքան հաճախակի լինեք զինվորների մոտ, հատկապես այս օրերին, երբ Տավուշի մարզում ու Արցախում կրակոցների պահով մտավախություն կա ժողովրդի մոտ: Մենք եկել ենք զինվորներին ասելու, որ Սյունիքի մարզի ողջ ազգաբնակչությունը իրենց կողքին կանգնած է եւ, Աստված մի արասցե, եթե հանկարծ հակառակորդը փորձի Նախիջևանի տարածքից պատերազմական գործողություններ սկսել, ընդամենը երեք ժամ հետո մեր բանակի շարքերը կհամալրվեն նախկին տարիներին զորացրված մեր զինվորականներով: Դա զինվորներին մեկ անգամ ևս ոգևորում է, որովհետև իրենք էլ են համոզվում, որ, իսկապես, իրենց հետևին էլ կան ուժեր, որոնք մտածում են եւ զինվորների կողքին կկանգնեն մշտապես: Չեմ կարծում, որ Սյունիքը երբևիցե կարող է խնդիր ունենալ», – զորամաս կատարած այցից հետո ասել է Սյունիքի մարզպետը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930