Հայաստանի շախմատային ֆեդերացիայի առաջարկով Շախմատի եվրոպական միությունը որոշել է 2014 թվականի Եվրոպայի անհատական առաջնության անցկացումը վստահել Հայաստանի մայրաքաղաք Երեւանին:
Armchess.am-ն արդեն տեղեկացրել է, որ նախատեսվում է մրցաշարը նվիրել աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հիշատակին, որի 85-ամյակը լրանում է այդ տարի:
Անկասկած, Երեւանում կհավաքվեն Եվրոպայի գրեթե բոլոր ուժեղագույն գրոսմայստերները: Գրեթե, որովհետեւ դեռ պարզ չէ, թե ադրբեջանցիներն ի՞նչ որոշում կընդունեն: Հենց այդ հարցի շուրջ գրոսմայստեր Շախրիյար Մամեդյարովը Azerisport-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ դեռ չգիտի` իրենց երկրի հավաքականի անդամները կմասնակցե՞ն երեւանյան մրցաշարին, թե՞ ոչ: «Գուցե` մասնակցենք: Գուցե` ոչ: Վերջին հաշվով Լեւոն Արոնյանը երկու անգամ հրաժարվել է գալ Բաքու: Իսկ ինչո՞ւ մենք պետք է մեկնենք Երեւան: Մանավանդ որ, Եվրոպայի անհատական առաջնությունը գրոսմայստերների մեծամասնության համար այնքան էլ կարեւոր չէ», – ասել է Ադրբեջանի լավագույն շախմատիստը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև