Այսօր ԱԺ-ում ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց. «Մեզ համար արդեն ակնհայտ է, որ այն կառավարությունը, որը մի ծրագիր արդեն ձախողել է, ինչու պիտի այս ծրագիրը չձախողի եւ հետաքրքիր է, թե ինչ դասեր է քաղել կառավարությունը»:
Պարոն Ռուստամյանը հիշեց հայտնի ասացվածքը՝ մրից ելանք՝ մրջուրն ընկանք. «Հիմա մենք ծրագիրը պետք է լսենք ու հավանությա՞ն արժանացնենք: Հենց մենք այս ծրագրին հավանություն տվեցինք ՝ մեր կապը՝ հաշվետվություն պահանջելու կառավարության հետ՝ դադարում է: Այս կառավարությունը իրականությունից այնպես է կտրված, որ ուզում էր ինքնագոհ հայտարարել, որ իբր թե ճգնաժամի ազդեցությունից դուրս ենք եկել: Պարզվում է՝ կառավարությունը նախորդ ծրագիրը ձախողելով՝ լուրջ հաջողությունների է հասել»:
Պարոն Ռուստամյանը ընդգծեց ծրագրից մի հատված. «Գրված է՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները գրավականն են այն փաստի, որ այս ծրագիրը պահանջված է եւ ժամանակին եւ իրենք ունեն ժողովրդի աջակցությունը: Մնում է ժողովրդին հարցնել՝ ժողովուրդ, է՞ս էիք ուզում, եթե էս էիք ուզում՝ կճաշակեք: Համենայնդեպս, մեզ քվեարկողները էս չէին ուզում, մենք էլ մեզ քվեարկողների նման դեմ ենք քվեարկելու այս ծրագրին»:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց, որ եթե այս կառավարությունը ինչ-որ բան ստեղծել է ընդհանրապես, դա պրոֆեսիոնալ կոռուպցիոն համակարգն է, որը խժռում է մեր ապագան. «Եթե ԱԺ նախագահը, վարչապետը, նախագահը ընդգրկված չեն կոռուպցիայի մեջ կամ չեն ղեկավարում կոռուպցիան, ապա գլուխը պատովը կտա որեւէ չինովնիկ, որ կմտնի կոռուպցիոն դաշտ: Մենք բախտ չունեցանք ունենալ իշխանություն, որը իմունիտետ ունի փողի, իշխանության, աթոռի նկատմամբ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ