Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Կարեյանը՝ Մաքսիմ Ոսկանյանի խցիկի մասին. Այդպիսի կաբինկայում նույնիսկ Դիոգենեսը չէր ապրում

Հունիս 21,2012 15:20

«Սոցիալական, տնտեսական եւ քաղաքական ցավերին զուգահեռ՝ կյանքը լեցուն է հոգեւոր ցավով, ինչի մասին չի խոսվում: Այսօր ազնիվ եւ մաքուր մարդուն «հարիֆ» են անվանում, իսկ խորամանկին ու քցողին՝ խելացի: Եթե ազնիվը եւ բարին պաշտպանված չեն, ուրեմն մենք վնաս ենք հասցնում մեր ազգային որակներին»,-«Տեսակետ» ակումբում այսօր ասաց բանաստեղծ Սարգիս Կարեյանը:

Խոսելով գործընկերոջ՝ բանաստեղծ Մաքսիմ Ոսկանյանից, նա վերջինիս  որակեց որպես եզակի բանաստեղծ եւ քրիստոնյա. «Ես մտահոգ եմ, որովհետեւ առաջադիմող իրականության մեջ նա ապրում է խցիկում: Այդպիսի կաբինկայում նույնիսկ Դիոգենեսը չէր ապրում: Ազգի խայտառակություն է դա»:

Խնդրի շուրջ Մաքսիմ Ոսկանյանը նշեց, որ խցիկն օրհնված վայր է, որտեղ նա աշխատում է, սակայն կցանկանար այն գոնե վերանորոգված տեսնել: Չցանկանալով խոսել նման դրության մեջ հայտնվելու երկար պատմությունից՝ բանաստեղծը ներկայացրեց վերջերս հրատարակված իր գրքերից մի քանիսը: Մասնավորապես, «Հայ իրավական մտքի գանձարան» մատենաշարը ներառում է Ոսկանյանի՝ գրաբարից թարգմանած 6 գիրք, այդ թվում՝ Մխիթար Գոշի եւ Սմբատ Գունդստաբլի «Դատաստանագիրքը», Դավիթ Ալավկաորդու «Կանոնագիրքը»: «Այդ հատորները օգտակար են հատկապես իրավաբանների ու պատգամավորների համար: Մատենաշարի վրա կարող է հիմնվել մեր խորհրդարանը՝ Սահմանադրությունում չներդնելով օտար, հաճախ՝ վնասակար իրավական տարրեր»,-ասաց բանաստեղծը եւ հավելեց, որ 7-րդ՝ «Որոգայթ Փառաց» գրքի հրատարակման համար դեռեւս հովանավոր չի գտնվել:

Վերջերս լույս է տեսել նաեւ Մաքսիմ Ոսկանյանի «Սաղմոսներ, բանաստեղծություններ, ժողովրդական բանարվեստի մշակումներ, առակներ, հանելուկներ» գրքույկը, Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» աշխարհաբար տարբերակը եւ «Աղոթագիրքը»: Լինելով Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ՝ բանաստեղծը համարում է, որ քրիստոնեական աշխարհայացքը նպաստում է ազգի կայունացմանը:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մաքսիմ Ոսկանյանին պարտական եմ Գրիգոր Եղիկյանի տեքստով հեղինակածս «Մանուշակին» մանկական երգի,«Պիոներ»ամսագրի շապիկի վրա տպագրվելու համար:Առաջին տպագիր ստեղծագործությունս…:Վաղուց,շա՜տ վաղուց չենք հանդիպել…30-ից ավել տարիներ: Կցանկանայի տեսնվել:Նա դեռ «էն գլխից»տաղանդավոր էր…Ողջույն Մաքսիմ ջան:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930