Կրթության պետական տեսչությունն այս տարի կատարած ստուգումներով պարզել է, որ Տավուշի մարզի բազմաթիվ դպրոցներում ֆիզկուլտուրայի ուսուցիչները մասնագետ չեն, չունեն բարձրագույն մասնագիտական կրթություն:
Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Աշոտ Փաշինյանը մարզխորհրդի նիստում այս առթիվ հայտարարեց, որ որոշ դպրոցներում ֆիզկուլտուրայի ուսուցիչ են աշխատում 10-15 տարվա ստաժ ունեցող, սակայն ոչ մասնագիտական կրթությամբ ուսուցիչներ: Կրթության վարչության պետն ասաց, որ նրանց աշխատանքից չեն կարող ազատել, քանի որ բարձրագույն կրթությամբ մասնագետների պակաս կա, համապատասխան մասնագետներ չեն ճարվելու:
Վիճակը վատ է նաեւ «ռազմագիտություն» առարկայի ուսուցման առումով: Տավուշի մարզի հանրակրթական 77 դպրոցներից 7-ի զինղեկները չունեն սպայական կոչում, բարձրագույն համապատասխան կրթություն: Մարզի դպրոցներում ռազմագիտության կաբինետները համապատասխան կերպով ձեւավորված չեն, կաբինետները համալրված չեն ուսումնական զենքով:
Տավուշի մարզի գրեթե բոլոր դպրոցները չունեն քաղաքացիական պաշտպանության պլաններ: Տավուշը Ադրբեջանի հետ 350 կմ սահման ունի, մարզը փաստացի պատերազմական վիճակում է, սակայն նման հրատապ խնդիրները տարիներ շարունակ անտեսված են:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ