Այսօր Aravot.am-ը Ախուրյանի շաքարի գործարանից ստացված դժգոհությունները փոխանցեց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, որը գործարանի սեփականատերն է: «Ախուրյանի շաքարի գործարանը հենց հիմա աշխատում է, գնացեք՝ նայեք: Ո՞վ ա բողոքում, ի՞նչ են բողոքում»: Երբ փոխանցեցինք, որ գործարանի աշխատակիցները բողոքում են, որ տարվա մեջ մի քանի ամիս են աշխատում, տարվա մեծ մասը հարկադիր պարապուրդի են մատնված՝ պարոն Ալեքսանյանը հորդորեց ցույց տալ աշխարհում մի շաքարի գործարան, որն ավելի շատ է աշխատում, քան իր գործարանը. «Աշխարհում ո՞ր մի շաքարի գործարանն է 12 ամիս աշխատում: Մի հատ ուսումնասիրեք՝ ինձ ասեք»:
Մեր դիտարկմանը, որ գյուղացիները բողոքում են, որ Դուք իրենց հետ չեք համագործակցում՝ Ալեքսանյանը պատասխանեց. «Ես իրանց հետ համագործակցել եմ, 150 հազար դոլարի սերմը բերել եմ, հենց հիմա էլ մեր պահեստում դրած ա, արեք նայեք, որ գյուղացին չի ուզում»:
Մենք հետաքրքրվեցինք՝ ինչի՞ պիտի գյուղացին չուզենա, որ ճակնդեղ ցանի՝ փող աշխատի՝ նա պատասխանեց. «Էդ իրանց հարցրեք: Էն վախտ ասում էին 35 դրամ ա, 45 դրամ թող տան, 45 տվինք, սերմն էլ բերեցինք, եթե չեք հավատում՝ պահեստում դրած ա, 150 հազար դոլարի սերմը բերեցի՝ գյուղացիք չցանեցին, որովհետեւ գյուղացիք հեշտ ապրելու ձեւը սովորել են: Չեն ուզում աշխատել»:
Մեր հարցին՝ հնարավոր չի՞ այստեղ գյուղացուն մի քիչ ավելի վճարեք, քան թե հումքը դրսից ներկրեք, ճանապարհածախս տաք, այդպես Ձեր վրա ավելի էժան չի՞ նստի՝ պարոն Ալեքսանյանը պատասխանեց. «Որ մի քիչ ավել էլ տամ՝ մեկ ա, իրանք չեն ցանելու, էդ մարդիկ չեն ուզում ցանել»:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը, որ հայերը աշխատասեր ժողովուրդ են՝ պատգամավորը խնդրեց գյուղացուց մի հատ գին ճշտել ու իրեն ասել. «Ցավդ տանեմ, մի հատ իրանց հարցրեք՝ ինչ գին են ուզում, որ ցանեն, դուք մի հատ իմացեք իրանցից: Ասում էին՝ որ 45 տա՝ կցանենք, ես էլ 45 տվեցի, սերմն էլ տվեցի՝ չցանեցին: Իրանք հետ են սովորել, չեն ուզում աշխատել»: Բազուկի փոխարեն ի՞նչ պիտի ցանեն, որ լավ լինի՝ պարոն Ալեքսանյանը պատասխանեց. «Կարտոշկի գինը լավ ա, հեսա մի-երկու տարի կարտոշկա կցանեն, հետո կտենան կարտոշկի գինը լավը չի՝ կանցնեն բազուկի: Դրա համար պետք է իմանան, թե ամեն տարի ինչքան կարտոշկա է պետք ցանել»: Հարցին, թե ինչո՞ւ գործարանի աշխատողների աշխատավարձը չեք վճարում՝ պատգամավորը պատասխանեց. «Ուրեմն եկեք ես հենց հիմա իմ մաշնեն տամ՝ գնացեք գործարան, մի հատ հատ-հատ մարդկանցից հարցրեք, հլը տեսեք ո՞ւմ աշխատավարձն ա էսքան վախտ ուշացել»:Մեր դիտարկմանը, որ եթե «Ձեր մաշնով» գնանք՝ չեն ասի՝ նա առաջարկեց. «Ուրեմն դուք ձեր մաշնով գնացեք»:
Սամվել Ալեքսանյանը չէր հավատում, որ իր աշխատողները կարող է բողոքած լինեն, նա հորդորում էր ցույց տալ խմբագրություն եկած նամակները. «Ես էս 20 տարի ա՝ աշխատում եմ՝ մի օր, մի ժամ չի եղել, որ մեր աշխատողների փողը ուշանա»: Այդ դեպքում թե ո՞վ է նամակներ գրում ԶԼՄ-ներին ու բողոքում՝ Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Դու գիտես սաղ մեզ սիրո՞ւմ են, հիմա քեզ սաղ սիրո՞ւմ են, բա ի՞նչ անեմ, ասա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ