Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երիտասարդական փառատոն՝ հասուն ամբիցիաներով

Հունիս 21,2012 14:05

«Գիսանե» արվեստի բաց փառատոնն այս տարի կմեկնարկի նոյեմբեր ամսին: Իսկ հայտագրումն արդեն սկսվել է: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց փառատոնի հիմնադիր եւ տնօրեն Հայկ Ավագյանը, փառատոնը մասնակիցներին հնարավորություններ է տալիս ամռանն օգտագործել Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի լսարանները՝ փորձերի համար, այդ պատճառով էլ հայտագրումը վաղ է սկսվել:

«Փառատոն կազմակերպելու միտքը ծագեց 2008-ին: Այդ ժամանակ դեռ ուսանող էինք: Ուսանողները կազմակերպում էին էտյուդների, երգի, պարի ներբուհական փառատոներ: Ուսխորհրդի նախագահի հետ (այդ ժամանակ ես փոխնախագահ էի) որոշեցինք կազմակերպել ներբուհական թատերական փառատոն, որտեղ ուսանողները ցույց կտային իրենց ներկայացումները: Առաջին հայտագրման ժամանակ ունեինք ընդամենը չորս հայտ: Անկեղծ ասած, դրանից մի քիչ տխրեցինք: Տխրեցինք ոչ թե այն պատճառով, որ մեր աշխատանքը չի գնահատվում, այլ այն պատճառով, որ ամբողջ բուհից միայն չորս հայտ եղավ: Սակայն մենք կազմակերպչական աշխատանքներն այնպիսի սիրով ու էնտուզիազմով արեցինք, որ ամբողջ բուհին իրար խառնեցինք, ու շատերն էլ, ովքեր անլուրջ էին մոտեցել մեր նախագծին, ափսոսացին, որ չեն մասնակցել»,- հիշում է Հայկը:

2011-ին «Գիսանեն» ընդլայնեց աշխարհագրությունը, եւ հնարավորություն տվեց մասնակցել ոչ միայն ուսանողներին, այլեւ ցանկացած երիտասարդի: Անցյալ տարի փառատոնը համագործակցել է երեւանյան յոթ թատրոնների հետ: «Սա հնարավորություն տվեց մեր երիտասարդներին շփվել թատրոնների հետ, ինչը մեծ պրակտիկա էր մեզ համար: Ժյուրիի կազմը համալրվել էր նոր մասնագետներով: Նախագահը Իվանյան Լեւոնն էր: Մեզ միացան «Թատրոն X» փառատոնի նախագահ Արա Խզմալյանը, «Համազգային» թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, բեմական խոսքի վարպետ Աննա Հեքեքյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Կարապետյանը եւ երիտասարդ բեմանկարիչ Տիգրան Ասատուրովը»,- ասում է մեր զրուցակիցը:

Նա նշեց նաեւ, որ այս տարի փառատոնը կկոչվի ոչ թե զուտ թատերական, այլ Արվեստների բաց փառատոն, որտեղ կներառվեն նկարչական ցուցադրություններ, առանձին պարային ներկայացումներ, կինո-ցուցադրություն եւ, իհարկե, թատերական ներկայացումներ:

«Արվեստը միայն թատրոնը չէ: Այդ պատճառով էլ փորձելու ենք հնարավորինս շատ տաղանդավոր երիտասարդների ներկայացնել հանդիսատեսին: Մենք կարծում ենք, որ այսօրինակ փառատոնն ավելի կարեւոր է»,- կարծում է փառատոնի տնօրենը: «Գիսանեի» շրջանակներում ներկայացումները կբեմադրվեն երեւանյան տարբեր թատրոններում, ինչպես, օրինակ, Կամերային, Փոքր, Տիկնիկային, Կամերային երաժշտական, «Գոյ» եւ «Մետրո» թատրոններում:

ԹԱՄԱՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930