Լրահոս
Օրվա լրահոսը

Հուշարձանն ու կարկանդակի օբյեկտը՝ կողք կողքի

Հունիս 21,2012 13:58

Երեւանի կենտրոնի բարեկարգման գործընթացը, ինչ խոսք, արձանագրում է հաճելի ձեռքբերումներ: Սակայն բացառություններն այս դեպքում էլ առկա են: Աբովյան փողոցի թիվ 29 շենքի դիմացի ծառուղին մոտ երկու տասնամյակ է, որ զավթված է «Աշոտ-Տարոն» ՍՊԸ-ին պատկանող «Տաք կաթսա» սննդի օբյեկտի կողմից:

Թե՛ այդ տարածքում ապրող մեր համաքաղաքացիները, թե՛ 29 շենքում գործող Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի եւ «Ագուլիս» տիկնիկային թատրոնի աշխատակիցներն անհաշիվ դիմումներ ու հղումներ են արել Երեւանի քաղաքապետարանին եւ Կենտրոն համայնքի ղեկավարությանը՝ վերոհիշյալ օբյեկտը ապամոնտաժելու եւ բակը պատշաճ տեսքի բերելու՝ լիովին պատճառաբանված խնդրանքով:

Թե ինչ արդյունքի են հասել նրանք այս հարցում, փորձեցինք պարզել թիվ 29 շենքի լիազոր մարմնի ներկայացուցիչ Անահիտ Սարգսյանից եւ Դ. Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանից:

«Մեր բնակիչների գրած վերջին դիմումին, որ ուղարկել էինք քաղաքապետարան, բանավոր պատասխան են տվել Կենտրոն թաղապետարանում: Ըստ այդ պատասխանի՝ կրպակի տերերն ունեն 10 տարվա պայմանագիր, որի ժամկետը լրանում է 2015 թվականին: Դրանից հետո միայն հնարավոր կլինի սպասել կրպակի ապամոնտաժմանը: Սակայն այս պատասխանը մեզ բոլորովին չի բավարարում, չենք ցանկանում մեր բակը եւս երկու տարի տեսնել կեղտի, ապականության մեջ, շնչել այրված ձեթի հոտը, զրկված մնալ մեր բակ, մեր տուն բերող ծառուղուց օգտվելու հնարավորությունից: Մենք կանգ չենք առնելու, գրելու ենք նոր դիմումներ, դիմելու ենք նաեւ Ազգային ժողով, որպեսզի վերջապես բավարարեն մեր ցանկությունը»,- ասում է Ա. Սարգսյանը:

Կարինե Ռաֆայելյանն էլ նշում է. «Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ թույլատրվել է տուն-թանգարանի առջեւի ծառուղում տեղադրել Դերենիկ Դեմիրճյանի հուշարձանը: Շնորհակալ ենք քաղաքապետ Տարոն Մարգարյանին այս թույլտվության համար: Եթե արտահայտվենք միջազգային դիվանագիտության տերմինաբանությամբ, ապա պիտի կրկնենք քլինթոնյան հայտնի արտահայտությունը՝ հիմա գնդակը հովանավորների դաշտում է: Որքան արագ իրականացվի ֆինանսավորման գործը, այնքան շուտ կունենանք արձանը՝ նշված հատվածում: Սակայն հարցն ունի նաեւ այլ մտահոգիչ կողմ. մինչ օրս այդտեղ շարունակում է իր գործունեությունը կարկանդակի թխման եւ արագ սննդի սպասարկման օբյեկտը, որի համադրությունը հուշարձանի հետ աբսուրդի ժանրից է: Մտածել, թե մեր հովանավորները չեն հապաղի իրենց քայլերում, եւ կարճ ժամանակ անց տուն-թանգարանի դիմաց կտեղադրվի մեծ դասականի արձանը, այնքան էլ ուրախացնող չէ, եթե հիշատակի այդ կոթողը պիտի վեր խոյանա առանց այն էլ անհեթեթ կրպակի հարեւանությամբ: Այս պարզ ճշմարտությունը հասկանալու համար մեծ խելք հարկավոր չէ, ընդամենը կարելի է գործել տրամաբանության եւ քաղաքի հանդեպ իսկապես սրտացավ վերաբերմունքի սահմաններում: Եվ եթե մեր քաղաքային իշխանություններն այնքան խելք եւ սրտացավություն ունեցան, որ ազատեցին Աբովյան փողոցը հսկայական խանութ-սրահներից, ապա ինչո՞ւ են հապաղում էսթետիկորեն որեւէ կերպ նույն այդ փողոցին չներդաշնակող կրպակի պարագայում: Բոլոր մոլախոտերը հնձեցին, «վերին արտի» մոլախոտը խնայեցի՞ն»:

Ի դեպ, այս տարի լրանում են Դերենիկ Դեմիրճյանի՝ ծննդյան 135 եւ տուն-թանգարանի հիմնադրման 35-ամյակները:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930