Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հովվերգական երաժշտություն՝ արքայական հարսանիքներում

Հունիս 21,2012 13:54

Երեւանում է Անգլիայի թագավորական ընտանիքի թագաժառանգ Չարլզի պաշտոնական կապելմայստեր Քրիստոֆեր Ուորեն-Գրինը:

Դիրիժորի ղեկավարությամբ հունիսի 22-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա համաշխարհային երաժշտական  գրականության գանձարանից Չայկովսկու, Ֆորեի, Դեբյուսիի երկերի կատարումներով: Որպես մենակատար հրավիրված է հայ հանդիսականին ծանոթ, 17 միջազգային հայտնի մրցույթների հաղթող, այդ թվում՝ Չայկովսկու, Ռուբինշտեյնի, Բուզոնիի, Կորտոյի, Կալասի անվան եւ այլն, գերմանացի դաշնակահար Բերնդ Գլեմզերը: Վերջինիս «Առավոտը» ներկայացրել է ժամանակին:

Մենք կարճատեւ զրույց ունեցանք Քրիստոֆեր Ուորեն-Գրինի հետ: Նա նախ հայտնեց, թե ներկայումս ինքը գեղարվեստական ղեկավարն է London Chamber  եւ Charlotte Symphony նվագախմբերի, հետո էլ ժպտալով ավելացրեց, որ այս պահին  դժվարանում է  հիշել ոչ այնքան հայտնի եւ շատ հայտնի այն բոլոր նվագախմբերը, որոնց հետ համագործակցել է, ինչպես նաեւ այն բազմաթիվ փառատոները, որոնց մասնակիցն է եղել:

Վերջին 30 տարիների ընթացքում մեր զրուցակիցը տարբեր առիթներով հրավիրվում է ղեկավարելու Անգլիայի թագավորական ընտանիքի տարբեր հանդիսությունների երաժշտական մասը: Եվ քանի որ հանդիսանում է թագաժառանգ Չարլզի պաշտոնական կապելմայստերը, հետաքրքրվեցինք ինչպես թագավորական ընտանիքի, այնպես էլ Չարլզի երաժշտական նախասիրություններով: Արվեստագետը նշելով, որ թագավորական ընտանիքը մեծամասամբ նախապատվություն է տալիս դասական երաժշտությանը, ներկայացրեց 2011-ին արքայազն Ուիլյամսի ամուսնության «երաժշտական մասը». «Արքայազնը խնդրել էր հորը՝ թագաժառանգ Չարլզին, որպեսզի այդ հարցով զբաղվեմ բացառապես ես՝ նախապես խորհրդակցելով ընտանիքի հետ: Մինչեւ ամուսնական ծիսակատարությունը չէր հրապարակվում, թե ինչ երաժշտության ներքո է կատարվելու արարողությունը: Նշեմ, որ երաժշտության ընտրության հարցում հաշվի էր առնվել նաեւ Ուիլյամսի ապագա կնոջ՝ Քաթրինի կարծիքը: Ի վերջո, որոշվել էր հնչեցնել միայն բրիտանական հովվերգական երաժշտություն (ֆոլկ)»:

Հետաքրքրությանը, թե ի՞նչ նվագախումբ է հանդես եկել, դիրիժորը տվեց իր ղեկավարած London Chamber-ի անունը, որին միացել է նաեւ երգչախումբը:

Հարցապնդմանը՝ հնարավորինս մանրամասներ ներկայացնել հարսանեկան  արարողությունից, Ուորեն-Գրինը հայտնեց. «Ոչ միայն այս, նաեւ այլ արարողություններին հրավիրվում են անվանի արվեստագետներ, այդ թվում՝ դիզայներներ, որոնց առաջարկով այլ երկրներից  բերվում են տարբեր տեսակի  ծաղիկներ ու թփեր՝ պալատն ու շրջակայքը զարդարելու նպատակով: Ինչ վերաբերում է երաժշտությանը, նշեմ, որ, օրինակ, մեծ աշխատանք է կատարվել Քաթրինի հարսանեկան շքեղ զգեստի վրա, այն «համապատասխանեցնելով» բրիտանական հովվերգական երաժշտությանը: Կարճ ասած՝ հաշվի է առնվում առաջին հայացքից մանրուք թվացող ամեն ինչ եւ արվում է առավելագույնը, որպեսզի թագավորի ներդաշնակությունը»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930