«Վանի մեջ հիմա հայ չունինք: Սուրբ Խաչը կա, բայց թանգարան է, տարին մեկ անգամ աղոթավայր է ծառայում: Այսօր դեռ Վանի ժողովուրդը իր բնականոն կյանքին չի կարողացել վերադառնալ երկրաշարժից հետո, շատ խեղճ վիճակում են, շատ ծանր է դրությունը: Հիմա մենք ո՞նց այդ պարագային խոսենք, ասենք, թե՝ թանգարանը կառուցեք… Մինչեւ ժողովուրդին ոտքի չհանեն, խեղճ վիճակներից դուրս չբերեն, մենք ո՞նց ասենք՝ չէ, թանգարանը կառուցեք»,- այսպես պատասխանեց Պոլսո հայոց պատրիարքարանի երկարամյա աշխատակից Վաղարշակ սարկավագ Սերոբյանը՝ ի պատասխան այն հարցի, թե ի՞նչ է անում պատրիարքարանը Վանի երկրաշարժից հետո վնասված հայկական Սուրբ Խաչ եկեղեցու նորոգման համար:
Վաղարշակ սարկավագը, անդրադառնալով Թուրքիայի տարածքում հայկական եկեղեցիների ճակատագրին, ասաց, որ ավելի նպատակահարմար են գտնում զբաղվել այն եկեղեցիների նորոգման հարցով, որտեղ հայ բնակիչներ կան. «Տեղերը, ուր ժողովուրդ ունինք, օրինակ, Սեբաստիա, կջանանք աղոթավայր ունենալ, որովհետեւ ապրող կա: Անտիոքում համ եկեղեցի կա, համ ժողովուրդ, Մալաթիա ժողովուրդ կա, աղոթավայր չունինք… Սվազում (Սեբաստիա) եկեղեցիներ կան, հնարավոր է վերականգնել, ես Սեբաստիա չեմ եղել, սակայն որքան գիտեմ ամենախելացին Սեբաստիո մասին դա կլինի, քանի որ համայնք կա, Սեբաստիո մեջ Սուրբ Նշան վանքը կար, որ այսօր չկա, պետք է վերականգնել»:
Վաղարշակ սարկավագ Սերոբյանի հետ հայ եւ թուրք լրագրողների խումբը հանդիպեց Պոլսո հայոց պատրիարքարանում՝ Ստամբուլում, որտեղից մայիսի 24-ին սկսվեց Թուրքիա-Հայաստան երկշաբաթյա համատեղ ավտոբուսային շրջագայությունը, որն իրականացվում էր USAID-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը» (SATR) ծրագրով:
Կարդացեք նաև
Պոլսո հայոց պատրիարքարանում հրատարակչական գործի եւ թանգարանի պատասխանատու Վաղարշակ սարկավագ Սերոբյանը պատմեց, որ Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում Պոլսո հայոց պատրիարքարանի ենթակայության տակ 400 վանք եւ 2000 եկեղեցի կար: Ներկայումս դրանց թիվն ընդամենը 75 է:
Հայկական դպրոցներ կան միայն Պոլսում՝ Ստամբուլում: Ողջ Թուրքիայի տարածքում ուրիշ ոչ մի տեղ հայկական դպրոց չկա: Հայերն էլ Թուրքիայի մյուս տարածքներում հիմնականում հայերեն չեն խոսում: Լավագույն դեպքում՝ պահպանել են քրիստոնեությունը:
Երբ խոսք գնաց խառնամուսնությունների մասին, սարկավագն ասաց, որ, իսկապես, խառնամուսնությունների խնդիրը Թուրքիայի հայ համայնքի առաջ ծառացած է, բայց. «Ի՞նչ կարող ենք անել, իրենց կամքն է, իրենց սրտի թելադրանքն է»:
Վաղարշակ սարկավագը, թվարկելով Պոլսո հայոց պատրիարքարանի առջեւ ծառացած խնդիրները, նշեց նաեւ հոգեւորական պատրաստելու հարցը: «1973-ից ի վեր չունենք հոգեւորական պատրաստելու ճեմարան, ադոր առաջն առնելուն համար դասընթացներ ենք անցկացնում: Պոլսո մյուս եկեղեցիներն ալ՝ հույն եւ ասորի եկեղեցիներն ալ ունին այդ պրոբլեմը»: «Առավոտի» հարցին՝ իսկ չե՞ք ուղարկում Էջմիածին՝ ճեմարանում սովորելու, սարկավագը պատասխանեց, որ ուղարկում են, սակայն Էջմիածնում պոլսահայերի համար մեծ խնդիր է այն, որ դասական ուղղագրությամբ չեն սովորում:
Քանի որ Վաղարշակ սարկավագ Սերոբյանը նաեւ պատրիարքարանում հրատարակչական գործի պատասխանատուն է, անդրադարձավ այդ աշխատանքներին եւս. «Պոլսո պատրիարքության 550-ամյակի առթիվ հայոց պատրիարքների մասին գիրք հրատարակեցինք, մշակութային եւ կրոնական «Արմաշ» մատենաշարն ենք հրատարակում: Մեծ հաջողություն ունեցավ նաեւ Ստամբուլի՝ աշխարհի մշակութային մայրաքաղաք լինելու կապակցությամբ մեր հրատարակած «Քեզ կսիրեմ Իստանբուլ» հանդեսը՝ հայերեն, թուրքերեն եւ անգլերեն մակագրություններով՝ նվիրված Ստամբուլին»:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ