Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մամուլի շենքը չի վաճառվի

Հունիս 21,2012 13:38

Պարզապես վարձերն են մի փոքր թանկացել, եւ օրինախախտներն են բացահայտվել. «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

Վերջերս լուրեր էին տարածվել, որ Մամուլի շենքը, որը պետական գույք է, շուտով վաճառվելու է: Մի շարք կազմակերպություններ ուղղակի խուճապի մեջ են, քանի որ շենքի մասնավորեցման արդյունքում այդտեղ գործող լրատվամիջոցները ստիպված կլինեն լքել տարածքը կամ էլ տարածքը վարձակալելու համար աստղաբաշխական գումարներ վճարել սեփականատիրոջը, ինչը մեր երկրում տպագիր մամուլի համար, կարելի է ասել, անհնարին է: Ներկայումս մամուլի շենքում անհատույց օգտագործման հիմունքներով մոտ 55 կազմակերպություն կա, որոնք զբաղվում են լրատվությամբ, իսկ օրենքով պետությունը պարտավոր է մամուլին անվճար տարածքներ տրամադրել: Կմասնավորեցվի՞ արդյոք Մամուլի շենքը, եւ ի՞նչ ճակատագիր է սպասվում շենքում գործող լրատվամիջոցներին՝ «Առավոտը» փորձեց պարզել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից: Մեզ հետ զրույցում վարչության պետ Արման Սահակյանը վստահեցրեց, որ կառավարությունը մտադիր չէ մամուլի շենքը վաճառքի հանել, իսկ խուճապի մեջ են այն կազմակերպությունները, որոնք անհատույց օգտագործման պայմանագիր են ունեցել, սակայն պայմանագրից դուրս ապօրինի գործողություններ կատարել:

Վարչությունը մի փոքր «փորփրելով» մամուլի շենքն ու փաստաթղթերը՝ պարզել է, որ կան կազմակերպություններ, ովքեր անունը դրել են, թե մամուլ են, եւ պետությունից անհատույց տարածք են ստացել, իրականում, պարոն Սահակյանի ներկայացմամբ, իրենց տարածքները վարձակալության են տրամադրել մեկ այլ կազմակերպությունների ու դրա հաշվին լավ էլ եկամուտ են ստացել, ինչի իրավունքը չունեն: Վարչության պետի ներկայացմամբ՝ արդեն լրացել է անհատույց օգտագործման պայմանագրերի ժամկետները, եւ վարչությունը օրինախախտ կազմակերպություններին առաջարկել է անհատույցի փոխարեն, եթե չեն ուզում լքել տարածքը, վարձակալությամբ «բնակվել» շենքում: Ըստ Արման Սահակյանի՝ հնարավոր է, հենց սա է պատճառն այն լուրերի, որ իբր թե մամուլի շենքը վաճառվում է:

Բացի մամուլից, շենքում կան նաեւ 14 կազմակերպություններ, որոնք տարածք են վարձակալում, սակայն առաջիկայում թե՛ վարձակալության եւ թե՛ սպասարկման վարձերն են թանկանալու: Այս առնչությամբ էլ պարոն Սահակյանն ասաց, որ իրականում այն ծախսերը, որ արվում են շենքի բարեկարգման համար, անգամ վարձերի թանկացման արդյունքում հնարավոր չէ լիովին փակել. «2001 թվականի չափորոշիչներով՝ անհատույց օգտագործման տրված տարածքի 1 քմ-ի համար մինչ վերջերս 250 դրամ է վճարվել: Հիմա մենք առաջարկելու ենք 500 դրամ, որպեսզի կարողանանք սպասարկումն իրականացնել, որի մեջ մտնում են ընդհանուր օգտագործման տարածքները: Այսինքն՝ միջանցքների, սանհանգույցի հետ կապված խնդիրների լուծումը: Իսկ վարձակալության տարածքների վճարները կադաստրային արժեքով եւ դրան գումարած հարկային արժեքի գործակիցները՝ մոտավորապես վարձակալման 1 քմ տարածքը կլինի 1000 դրամ: Այսինքն՝ շենքի սպասարկման վճարը՝ 500 դրամն էլ հետը՝ 1500»: Պարոն Սահակյանի խոսքերով՝ մամուլի շենքը բավականին հին է, եւ իրենք բազմաթիվ անգամ դժգոհություններ են ստացել, իր խոսքերով ասած՝ շենքի «բնակիչներից», մասնավորապես՝ վերելակների մաշվածության եւ ջրամատակարարման վերաբերյալ: Արման Սահակյանի խոսքերով՝ «Վարչապետի հանձնարարականով մենք զբաղվեցինք վերելակի խնդրով, եւ մոտ 50 հազար դոլար էր անհրաժեշտ նոր վերելակներ գնելու եւ տեղադրելու համար: Սա մեծ գումար է, ուստի կառավարությունն առաջարկեց այդ գումարի մի մասը տրամադրել, մյուս մասն էլ՝ 50/50 շենքում տեղադրված կազմակերպություններն իրենց միջոցներից տրամադրեն: Շատերը հրաժարվեցին: Սակայն ես պատրաստվում եմ նորից այցելել մամուլի շենք եւ անձամբ բանակցել այս խնդիրը լուծելու ուղղությամբ»:

Ինչ վերաբերում է ջրամատակարարմանը, ապա վարչության պետն ասաց, որ կրկին մեծ գումարների հետ կապված խնդիր է. որպեսզի շուրջօրյա ջրամատակարարում լինի, անհրաժեշտ է ջրատար խողովակներն ամբողջությամբ փոխել, քանի որ դրանք հնամաշ են եւ շուրջօրյային չեն դիմանա: Վարչության պետը նշեց, որ հազիվ կարողացել են շենքի տանիքը վերանորոգել, որը մոտ 8 միլիոն դրամ է արժեցել. «Դա՝ մեր գործակալության միջոցների, պայմանագրերի եւ շենքում տեղադրված գովազդներից ստացած գումարների հաշվին: Ընդհանուր առմամբ որոշակի աշխատանքներ տարվել են, սակայն շենքն այնքան խնդիրներ ունի, որ միայն մեր գործակալության միջոցներով հնարավոր չէ այդ շենքը վերականգնել, պետք է «բնակիչների» աջակցությունը»: Վարչության պետի տեղեկացմամբ՝ առաջիկա օրերին անհատույց օգտագործման պայմանագրերը ներկայացվելու են կառավարությանը, եւ երկարացվելու են դրանց ժամկետները, եւ որպեսզի պարզ դառնա, թե որ կազմակերպությունն է համապատասխանում անհատույց օգտագործման սկզբունքին, ներկայումս չափորոշիչներ են մշակվում. «Այսինքն՝ պարզել, թե պետությունը ո՞ր լրատվամիջոցներին է պարտավոր անհատույց տարածքներ տրամադրել, ասենք, օրինակ՝ որքան տպաքանակ ունի, քանի աշխատող եւ այլն»: Մեր այն հարցին՝ հնարավո՞ր է այդ չափորոշիչները հաստատվելուց հետո մամուլի շենքի որոշ լրատվամիջոցների ուղղակի զրկեն անհատույց տարածքից, պարոն Սահակյանը խոստացավ. «Նման բան չի լինի»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930