Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախագահների «ապտակն» Ալիեւի՞ն

Հունիս 21,2012 13:29

Ստեփան Սաֆարյանի գնահատմամբ՝ ԼՂՀ խնդրի կարգավորման համար Հայաստանին նոր հնարավորություն է տրված:

«Ես կարծում եմ, որ այս հայտարարությունը հետեւանք է նրա, որ Ալիեւն, ըստ էության, ԱՄՆ պետքարտուղարին դիմավորեց կրակոցներով: Ինչպես նաեւ, կա հակամարտությունը կառավարելի պահելու խնդիր»,- «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց նախկին պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների՝ ԼՂՀ հարցի վերաբերյալ նախօրեին տարածած հայտարարությանը: Հիշեցնենք, որ Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահները Մեծ քսանյակի Լոս Կաբոսում կայացած գագաթաժողովի շրջանակներում ընդունել են համատեղ հայտարարություն ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ: Հայտարարության մեջ ամրագրում կա. «Մենք բազմիցս, ինչպես որ եռանախագահ երկրները, կոչ ենք արել հարգել 1994թ. մայիսին ձեռք բերված հրադադարի համաձայնությունը եւ զերծ մնալ ռազմատենչ, լարվածությունը սրող թշնամական հռետորաբանությունից: Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, մերժել է եւ շարունակում է մերժել համանախագահ երկրների կողմից հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված առաջարկները՝ շփման գծից դիպուկահարների դուրսբերման, հրադադարի խախտումների, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ: Վերջին անգամ Ադրբեջանի կողմից դա արվեց մեկ շաբաթ առաջ ԵԱՀԿ գործող նախագահի՝ Բաքու այցելության ժամանակ: Ադրբեջանը ոչ միայն մերժում է այդ առաջարկները, այլեւ կոպտորեն խախտում է հրադադարը եւ շարունակաբար սադրանքներ կազմակերպում: Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է շարունակել բանակցությունները լ’Ակվիլայում, Մուսկոկայում, Դովիլում եւ, կարող եմ ավելացնել նաեւ, Լոս Կաբոսում համանախագահ երկրների ղեկավարների ընդունած հայտարարությունների հիման վրա՝ հասնելու հիմնախնդրի կարգավորմանը»:

Հիշեցնենք նաեւ, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ տարածաշրջան կատարած այցի օրերին Ադրբեջանը մի քանի սադրիչ «օպերացիաներ» իրականացրեց, որոնց արդյունքում եղան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ:

Ստեփան Սաֆարյանը ողջունում է համանախագահող երկրների ղեկավարների հայտարարությունը՝ ընդգծելով, որ հայտարարության «մեջ թեեւ ոչ բավարար չափով, այնուհանդերձ՝ կա պատշաճ գնահատական Ադրբեջանի պահվածքին»: Սա, ըստ նրա, նշանակում է, որ միջազգային հանրությունն այլեւս համոզվել է, որ կոնֆլիկտը կարող է վերաճել շատ լուրջ հետեւանքների հանգեցնող մի իրավիճակի, որի պատճառն, ըստ էության, Ադրբեջանի ռազմատենչությունն է: Այնուհանդերձ, մեր զրուցակիցն ընդգծում է, որ միջազգային հանրությունը մի բան պետք է հասկանա՝ սադրանքների համար կամ մեղավորության պատասխանատվության հավասարաչափ բաշխումը կողմերի վրա էապես սրում է հակամարտությունը. «Պետք է հասկանան, որ ԼՂՀ-ի բացակայությունը բանակցային գործընթացներից նպաստում է Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանը եւ գործողությունների կատարմանը: Պետք է գիտակցեն, որ եթե տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող մի երկիր կա, ապա դա Ադրբեջանն է՝ իր ռեւանշիստական նկրտումներով: Հետեւաբար, եթե իրենց գնահատականներում արդար չեն գտնվելու, եթե հակամարտության կառավարման ընթացքում արդարության սկզբունքը չեն պահելու, ապա այդ դեպքում ամենառեալ հեռանկարը վերսկսված պատերազմն է»:

Ինչ մնում է ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների փարիզյան հանդիպմանը, որի մասին բավականին սուղ տեղեկատվություն տարածվեց, Ստեփան Սաֆարյանն, այնուհանդերձ, տպավորություն է ստացել, որ «ինչ-որ նոր կամ թարմացված ինչ-որ մի բան կա Փարիզում, ինչ-որ նոր գաղափարներ տրվել են, որոնց շուրջ կողմերը պետք է մտածեն»: Նկատենք, որ Բաքվում ԱՄՆ պետքարտուղարն ասել էր, թե Փարիզում կողմերին «նոր մոտեցումներ» են ներկայացվելու: Ստեփան Սաֆարյանը գտնում է, որ խնդիրը ոչ թե կարգավորման նոր տարբերակի մասին է, այլ նոր գաղափարների: Իսկ թե հատկապես ի՞նչ հնարավոր գաղափարներ կարող են շրջանառության մեջ դրվել, մեր զրուցակիցը նկատում է, որ անկախ ամեն ինչից՝ միջազգային հանրությունը պետք է նկատի առնի, որ ցանկացած գաղափարի կամ առաջարկի հավանություն տվողը պետք է ԼՂՀ-ն լինի: Իսկ «նոր գաղափարների» տակ նա նոր բան չի հասկանում, քանի որ 1994-ից այսօր մշակված բոլոր տարբերակների հիմքը նույնատիպ է: «Քլինթոնը Երեւանում կրկնեց միջազգային իրավունքի երեք սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշում եւ ուժի չկիրառում, որոնք նախկինում էլ ասվել է: Բայց այս անգամ Հիլարի Քլինթոնը մի հետաքրքիր լրացում կատարեց՝ նշելով, որ այդ սկզբունքների միջեւ որեւէ ստորադասություն կամ գերակայություն չի կարող լինել, ինչը կարող է նշանակել, որ լուծման գործընթացում կարող են նկատի առնվել ոչ միայն Ադրբեջանին կամ այլոց ձեռնտու տարբերակներ՝ տարածքային ամբողջականության մասով, այլեւ հակամարտության հետեւանքներն ամբողջությամբ: Խոսքը վերաբերում է ԼՂՀ ինքնիշխանությանը»,- ասաց Ստեփան Սաֆարյանը: Նա գտնում է, որ այստեղ զուտ մեթոդաբանական խնդիր է, որ Հայաստանը պետք է ճիշտ կիրառի եւ բանակցություններում թույլ չտա խաղի կանոնների այնպիսի սահմանում, որոնք ձեռնտու չեն լինի հայկական կողմերին: Այլապես՝ չի բացառում, որ կհայտնվենք մի նոր «մադրիդյան» առաջարկների առջեւ, որոնց ելակետը միարժեք տարածքային ամբողջականությունն է: Մեր զրուցակիցը գտնում է, որ հայկական դիվանագիտությունը չպետք է գնա «ռեւերսի» ճանապարհով՝ խնդիրը մինչեւ 1988-ը ետ տանելով, ինչպես արվել է մինչ այժմ, քանի որ այդ դեպքում ոչինչ էլ չի փոխվի:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930