Էրեբունիի վարչական շրջանի Մուշական թաղամասի «Հայփոստի» բաժանմունքի վրա հունիսի 20-ի երեկոյան ավազակային հարձակում է տեղի ունեցել, ինչի արդյունքում կա 2 տուժող: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էրեբունիի վարչական շրջանի Մուշական թաղամասի լիազոր ներկայացուցիչ Սվետլանա Ասլանյանը: Ի դեմ տուժողներից մեկն էլ նա է:
Ս. Ասլանյանի ներկայացմամբ, ժամը 15.00-ի սահմաններում անզեն մի երիտասարդ ներխուժել է Մուշական 1 հասցեում տեղակայված «Հայփոստ» ՓԲԸ բաժանմունք, որտեղ եղել է միայն բաժանմունքի պետը՝ 45-ամյա Արփիկ Հայրապետյանը։ Ներխուժած երիտասարդը հարձակվել է բաժանմունքի պետի վրա, կապել բերանը եւ ձեռքերը, ծեծի ենթարկել նրան:
Հարվածները հասցրել է բռունցքով եւ հիմնականում գլխի եւ դեմքի հատվածում, հիմնականում վնասելով աչքի հատվածը: Ծեծից հետո գումար է պահանջել, սակայն չստանալով գումարը, վերցրել է բաժանմունքի պետի դրամապանակը, որի մեջ եղել է 7 հազար դրամ եւ 20 դոլար գումար, նաեւ «Նոկիա» մոդելի հեռախոսը։
Նրա փախուստը փորձել է կասեցնել Սվետլանա Ասլանյանը, որի արդյունքում հարված է ստացել նաեւ նա: Երկու տուժածներին էլ տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ավելի ուշ` գիշերը ՀՀ ոստիկանության Էրեբունիի բաժնի աշխատակիցները Տիգրան Մեծի պողոտայից բերման են ենթարկել եւ ձերբակալել ավազակային հարձակման մեջ կասկածվող ` 28-ամյա Սահակ Կարապետյանին: