Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սայաթ-Նովան՝ Հոմերոսի եւ 20-րդ դարի փիլիսոփաների ու կոմպոզիտորների կողքին (Տեսանյութ)

Հունիս 21,2012 12:47

 Այս պահին Գիտությունների Ազգային Ակադեմիայի նիստերի դահլիճում  ընթանում է հայ մեծանուն աշուղ, բանաստեղծ Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված գիտական նիստաշրջանը, որի ընթացքում աշուղի արվեստի վերաբերյալ զեկույցներով  հանդես են գալիւս ԳԱԱ ինստիտուտների եւ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտնականները:

Բացման խոսքում ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանը նշեց, որ 2012 թվականը հագեցած է Սայաթ-Նովային նվիրված միջոցառումներով. «Նախատեսվում է շուրջ 30 միջոցառում, որոնց շրջանակում կհրատարակվեն Սայաթ-Նովայի խաղերը, նոտաները, կկազմակերպվեն մրթույթներ եւ համերգներ»: Պարոն Աղասյանը հավելեց, որ 1 ամիս առաջ Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցու բակում՝ Սայաթ-Նովայի հուշաքարի մոտ, նշվել է  ավանդական Վարդատոնը:

ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը նշեց, որ Սայաթ-Նովայի թողած ժառանգությունը վաղուց է արժեւորվել, սակայն յուրաքանչյուր գիտաժողով աշուղի գործերն ուսումնասիրելու նոր հնարավորություններ է ընձեռում. «Սայաթ-Նովան ոչ միայն երաժշտագետ եւ բանաստեղծ է, այլեւ իր ժամանակի հասարակական, սոցիալական եւ քաղաքական կյանքի մեկնաբան: Ցավոք, այս ասպեկտը մեր հայագիտության մեջ պատշաճ մշակման եւ ընդհանրացման չի ենթարկվել»:

ԳԱԱ թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանը հանդես եկավ Չարլզ Դաուսեթի  «Սայաթ-Նովա» մենագրության մասին զեկուցմամբ: 12 գլխից բաղկացած ծավալուն գործը Դաուսեթը գրել է 1997 թվականին եւ հրատարակել մահից երկու տարի առաջ. «Մենագրությունը մեծ հայագետ Դաուսեթի «կարապի երգը» կարծես լինի եւ ազգային հանճարի ճմարիտ գնահատականն է տալիս: Հեղինակը հիմնվել է առաջին սայաթնովագետ Գեւորգ Հախվերդյանի հավաքած փաստերի հիման վրա՝ աշուղին համեմատելով Հոմերոսի եւ 20-րդ դարի  մեծանուն փիլիսոփաների եւ կոմպոզիտորների հետ: Ցավոք, մենագրությունը թարգմանված չէ հայերեն»,-ասաց տիկին Դոլուխանյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930