Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ցույց՝ ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի եւ «Հարսնաքարի» միջադեպի (Տեսանյութ)

Հունիս 21,2012 12:26

 Այսօր ԱԺ մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցում բողոքի ակցիա էր կազմակերպվել ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի: «Նեմեց՝ մարդասպան» ցուցապաստառով ՀԱԿ անդամ Վարդգես Գասպարին իր բողոքով անհամաձայնությունն էր հայտնում «Հարսնաքարում» կատարվածի եւ Ռուբեն Հայրապետյանի պահվածքի վերաբերյալ: Մեր հարցին՝ Ռուբեն Հայրապետյանը հայտարարություն է տարածել, հեռացրել է միջադեպին առնչվող աշխատակիցներին, ինչի՞ց եք դժգոհում՝ նա պատասխանեց. «Դա արդյոք բավարա՞ր է: Միշտ էլ այդ դեպքերը եղել են, հարցերը փակել են, սվաղել են: Սա առաջին անգամը չի, որ կոնկրետ Ռուբեն Հայրապետյանը նման ամենաթողության է դիմում: Ես գոնե հիշում եմ մի քանի դեպք՝ 2008-ի ընտրությունների ժամանակ լրագրողին ընտրատեղամասից հանել-տարել, «Հարսնաքարում» ծեծել, Երջանիկ Աբգարյանին, Գուրգեն Եղիազարյանին էին բռնության ենթարկել: Եվ այսպես, միայն Ռուբեն Հայրապետյանի հետ կապված մի քանի դեպքեր ես հիշում եմ: Սա ոչ համարժեք արձագանքման արդյունքն է, որ այս դեպքերը շարունակվում են»:

Ըստ Վարդգես Գասպարիի, որքան էլ խոստումներ են տվել, որ մեղավորները կպատժվեն օրենքի խստությամբ, «փաստ չէ՞, որ 4 օր անցավ՝ դեռ որեւէ մեկը ձերբակալված չէր: Ես որեւէ երաշխիք չեմ տեսնում, որ դա կլինի ռեալ հետաքննություն, ես որեւէ հավատ չունեմ, որ կլինեն ռեալ պատժվողներ, վստահություն չունեմ: Այնուամենայնիվ, եթե այդպես էլ լինի, դա չի սահմանափակում իմ իրավունքը, որ ես դատապարտեմ դա»:

Ռուբեն Հայրապետյանի կողմից համարժեք պատասխան չէ՞ր, որ աշխատանքից հեռացրեց բոլոր այդ աշխատողներին, ուրիշ ի՞նչ կարող էր անել ինքը, եւ Սամվել Ալեքսանյանը երեկ նշեց, որ իրենք շատ աշխատողներ, բարեկամներ ունեն, բոլորի արարքների համար իրենք ինչպե՞ս պատասխան տան՝ այս հարցադրումներին Վարդգես Գասպարին պատասխանեց. «Ես համոզված եմ, որ Սամվել Ալեքսանյանը, Ռուբեն Հայրապետյանը ունեն ոչ թե բարեկամներ՝ իրենք են այդ ճորտերի, ստրուկների տերը: Այն, որ այսօր բացահայտ կերպով բռնություններն ավելի քիչ են, մարդիկ չեն գնում խմբագրություններ ծեծելու, դա չի նշանակում, որ բռնությունը պակսել է, դա նշանակում է, որ հասարակությունը համակերպվել է բռնության հետ, հասկացել է իր կարմիր գիծը որտեղ է: Ես այստեղ եկել եմ, ներողություն էթիկայի խախտման համար, որ ասեմ՝ թքած ունեմ օլիգարխիայի կարմիր գծերին, եկել եմ ասելու, որ Ռուբեն Հայրապետյանը իմ գնահատմամբ՝ մարդասպան է»:

Վարդգես  Գասպարին նշեց, որ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը եւ ՀԱԿ պատգամավորները, անշուշտ, կարձագանքեին իր ակցիային, եթե տեսնեին: Մեր ներկայության պահին ՀԱԿ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը Գասպարիի մոտով անցավ ու ոչ մի ուշադրություն չդարձնելով՝ մտավ ԱԺ: Անտարբեր անցան նաեւ ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը եւ Ժառանգության պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:

Իսկ Սամվել Ալեքսանյանն անցնելով Գասպարիի կողքով՝ խլեց նրա պաստառը: Մի վայրկյան անց մոտեցավ մի երիտասարդ եւ Գասպարիին տապալեց գետնին: Մանրամասները՝ «Ա1+»-ի տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930