Հարգելի խորհրդարան, տիկնայք եւ պարոնայք,
Սահմանադրության 74 հոդվածի պահանջով մենք քննարկում ենք Կառավարության ծրագրին Ազգային Ժողովի կողմից հավանություն տալու հարցը: Սա ամենեւին չի նշանակում զուտ ներկայացված ծրագրային փաստաթղթի որակի քննարկում: Եթե Կառավարության ծրագիրը չի ստանում հավանություն, դա ունենում է շատ հստակ իրավական հետեւանքներ. համաձայն Սահմանադրության 55 հոդվածի 4 կետի, նման զարգացմանը անմիջապես հետեւում է Կառավարության ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ: Ուստի, մենք այստեղ իրականում ոչ թե ծրագիր ենք քննարկում, այլ, ըստ էության, նորակազմ Կառավարությանը վստահություն հայտնելու հարցը:
Այս բանավեճի հարցը, ուրեմն, ճիշտ ձեւակերպենք. արդյոք՞ մենք կարող ենք վստահել այս կառավարությանը: Նախ`արդյոք՞ սա ինչ որ նոր գործիչներից կազմված կառավարություն է, որոնց մենք դեռ չենք ճանաչում: Ոչ, 18 նախարարներից մի քանիսն են ընդամենը փոխվել, այն էլ մի պարզ պատճառով, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը այլեւս կոալիցիայի մաս չէ: Իսկ նոր նախարարներից մեկը նախկին քաղաքապետն է, որին Սերժ Սարգսյանը հեռացրեց պաշտոնից` նախագահի աշխատակազմի աշխատողին առեւանգելու եւ ծեծելու պատճառով, ինչը Միքայել Մինասյանի սուսլովյան քարոզչամեքենան ներկայացրեց որպես պայքար կոռուպցիայի եւ օլիգարխիայի դեմ: Եթե Սերժ Սարգսյանը գործել է «ամեն նորը լավ մոռացած հինն է» սկզբունքով, ապա պետք է ասենք, որ մենք այդքան էլ կարճ հիշողություն չունենք: Իսկ եթե ճիշտ էին ռեժիմի քարոզչամեքենայի երկու տարվա վաղեմության պնդումները, արդյո՞ք մենք իրավունք չունենք եզրակացնելու, որ հիմա պայքարը ընթանում է հակառակ ուղղությամբ, այսինքն` հանուն կոռուպցիայի եւ օլիգարխիայի:
Իրականում մենք գործ ունենք մի կառավարության հետ, որ մի ամբողջ չորս տարի ԱՐԴԵՆ կառավարել է Հայաստանը: Ողղակի ծիծաղելի է նման իրավիճակում կառավարության վստահության հարցը կապել ներկայացված ծրագրային փաստաթղթի հետ:
Կարդացեք նաև
Ուստի այս կառավարությանը վստահություն հայտնելու հարցը պետք է տեղափոխել բացառապես նրա անցյալ գործունեությունը գնահատելու հարթություն եւ ըստ այդմ որոշել այս կառավարության ճակատագիրը:
Արդյո՞ք կարելի է վստահել մի կառավարության, որն իշխանությունը պահպանել է միայն պետականորեն կազմակերպված լայնածավալ եւ համատարած ընտրակեղծարարության շնորհիվ, ներառյալ ընտրակաշառքի բաժանումը, բազմակի քվեարկությունը եւ ընտրողների վրա ապօրինի ճնշումները: Արդյոք՞ մի կառավարություն, որը հօգուտ իրեն կեղծել է 500,000-ից մինչեւ 700,000 ձայն, կարող է հաշվետու համարվել ժողովրդի առաջ: Ոչ, նման կառավարությունը հաշվետու է լինելու միայն այդ ընտրակեղծարարությունն ապահոված բոլոր տեսակի կոռումպացված պաշտոնյաների, տեղական կրիմինալ հեղինակությունների եւ ապօրինի տնտեսական մենաշնորհներից եւ արտոնություններից օգտվող այսպես կոչված ՙօլիգարխների՚ առջեւ: Ժողովրդի շահերից բխող ցանկացած իրական բարեփոխում նշանակում է՝ զրկել բազմաթիվ նման խմբերին ապօրինի արտոնություններից, ինչը արժանանալու է նրանց կատաղի դիմադրությանը: Այդ դիմադրությունը կարող է հաղթահարվել միայն, եթե կառավարությունը հենվում է ժողովրդի աջակցության վրա, մի բան, որ այս կառավարությունը չունի:
Ասեք, արդյոք՞ մենք կարող ենք վստահել մի կառավարության, որի պաշտոնավարման օրոք Վերահսկիչ պալատի կողմից մեկ տարվա բյուջետային ծախսերի ընդամենը 4 տոկոսի` պատահական ընտրանքով ստուգումների արդյունքում` հայտնաբերվել է 8 միլիարդ դրամի յուրացում: Պարզ էքստրապոլյացիայի մեթոդի կիրառումը ցույց է տալիս, որ միայն Վերահսկիչ պալատի կողմից բացահայտված պետական միջոցների յուրացման ծավալը կազմում է տարեկան կես միլիարդ դոլար: Եւ քանի որ զեկույցների հրապարակումից հետո ոչ ոք չի պատժվել, ես հարց եմ տալիս. կարելի՞ է վստահել սեփական ժողովրդից 4 տարվա ընթացքում առնվազն 2 միլիարդ դոլար գումար գողացած կառավարությանը:
Կարելի՞ է արդյոք վստահել մի կառավարության, որ 4 տարի շարունակ՝ դրամի արհեստական արժեւորման անհեթեթ նպատակով մսխում է Կենտրոնական բանկի պահուստային միջոցները, ծախսելով արդեն 1 միլիարդ դոլարից ավելի գումար, մինչ դեռ տեղի է ունենում արտաքին պարտքի կուտակում 1,577,000 դոլարից 2008 թվականին մինչեւ 3,600,000 դոլար 2012 թվականին: Հայաստանի տնտեսական շահերի տեսակետից այս քաղաքականությունը ոչ մի բացատրություն չունի: Այսօրվա աշխարհում դինամիկ տնտեսություն կառուցելու գրավականը՝ մրցունակությունն է համաշխարհային շուկաներում: Այնտեղ դիրքեր գրավելու համար պայքարող պետությունները առաջին հերթին փորձում են ազգային արժույթները հնարավորինս հեռու պահել արժեւորման միտումներից: Մեր կառավարությունը անում է ճիշտ հակառակը, ինչի անմիջական հետեւանքով Հայաստանի տնտեսությունը կորցրել է մրցունակությունը համաշխարհային շուկայում, արտահանումը անկում է ապրում, տեղական արտադրողը ճնշվում է: Նման քաղաքականության միակ բացատրությունն այն է, որ այս կառավարությունը զբաղված է իր մի քանի մերձավոր ներկրող մոնոպոլիստների շահերի սպասարկմամբ: Այո, դուք ձեր մենաշնորհային քաղաքականությամբ դուրս եք մղել ձեռնարկատիրական դասը Հայաստանից, եւ ստեղծել եք մի տնտեսություն, որը խարսխված է արտասահմանում տնտեսապես ակտիվ մեր քաղաքացիների տրասնֆերտների վրա: Այդ տրանսֆերտների շնորհիվ է հիմնականում ձեւավորվում ազգաբնակչության գնողունակությունը, եւ Հայաստանի տնտեսական համակարգը՝ իրականում մի քանի ներկրող օլիգարխների՝ պարազիտիզմն է այդ տրանսֆերտների վրա: Դուք երբեք որեւէ քայլ չեք անի այդ արատավոր համակարգը քանդելու նպատակով, որովհետեւ սա իշխանությունը պահպանելու եւ այն սեփական հարստացմանը ծառայեցնելու ձեր միակ միջոցն է: Եւ պետք չէ խորամանկել ու որպես ճգնաժամի խորության գլխավոր պատճառ ներկայացնել տնտեսության դիվերսիֆիկացման պակասը: Դա իրականում ոչ թե պատճառն է, այլ դրամի արժեւորման արդեն տաս տարի տարվող հանցավոր քաղաքականության հետեւանքը: Հենց այդ քաղաքականության եւ մենաշնորհային արտոնությունների պատճառով՝ ճնշվել են արդար մրցակցությունը եւ արտահանումը, ուստի եւ ներդրումային միջավայրը երկրում, եւ ներդրումային միակ հնարավորությունը տարիներ շարունակ եղել է ներդրումները անշարժ գույքի մեջ:
Կարելի է արդյոք՞ վստահել մի կառավարության, որն օր ու գիշեր խոսում է օլիգոպոլիաների եւ մենաշնորհների դեմ, սակայն չի համարձակվում ընդունել տալ մենաշնորհները արգելող օրենքի վաղուց գոյություն ունեցող նախագիծը, մինչ դեռ, համաձայն տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տվյալների, բոլոր ցուցանիշներով արձանագրվում են շուկաների համակենտրոնացման միտումներ:
Եվ վերջապես կարելի՞ է վստահել մի կառավարության, որը մատը մատին չխփեց մարտի 1-ի 10 զոհերի հարազատների եւ հարյուրավոր վիրավորների համար Հայ Ազգային Կոնգրեսի կողմից առաջարկված փոխհատուցման պետական ծրագիրը իրագործելու համար, ինչը էապես կնպաստեր երկրում քաղաքական մթնոլորտի լիցքաթափմանը եւ համերաշխությանը:
Այս հարցերը կարելի է անվերջ շարունակել: Բայց դրանց պատասխանները արդեն պարզ են: Այս կառավարությանը, այս իշխանություններին ոչ միայն չի կարելի վստահել մեր ժողովրդի ճակատագիրը, այլ օր առաջ պետք նրանից ազատվել: Սա իհարկե հնարավոր չի լինի անել այստեղ ներկայացված չորս խմբակցությունների` դեմ քվեարկությամբ: Դրա միակ միջոցը, ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, ժողովրդի հանրահավաքային ակտիվությունն է: Ավազակապետական կառավարությունները երբեք կամովին չեն զիջում իրենց ապօրինի արտոնությունները: Մենք մեր ժողովրդին կոչ ենք անում հունիսի 26-ին ժամը 19.00-ին հավաքվել Ազատության հրապարակում եւ այնտեղ հայտնել վերաբերմունքը այս իշխանությունների նկատմամբ: