Այս պահին ԱԺ-ում շարունակվում է կառավարության ծրագրի քննարկումը: Իրենց ելույթներով գրոհում են ՀԱԿ պատգամավորները: Նախ ելույթ ունեցավ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Նա նշեց, որ բնապահպանության նկատմամբ անտարբերություն է կառավարությունը դրսեւորում. «Կառավարությունը բնական պաշարների առավել նպատակային օգտագործման ծրագրային դրույթը ձախողել է: Մեր երկիրը վերածվել է հանքահումքային կցորդի»:
Լեւոն Զուրաբյանը նշեց, որ իրենք ոչ թե ծրագիր են այստեղ քննարկում, այլ՝ նորակազմ կառավարությունը վստահություն տալու հարցը. «Արդյոք մենք կարո՞ղ ենք վստահել այս կառավարությանը, երբ 18 նախարարներից մի քանիսն են ընդամենը փոխվել»:
Նա անդրադարձավ Գագիկ Բեգլարյանի՝ աշխատակազմի անդամին ծեծելու դեպքին՝ նշելով. «Եթե Սերժ Սարգսյանն առաջնորդվում է ամեն նորը լավ մոռացված հինն է, ապա ասեմ, որ մենք վատ հիշողություն չունենք: Արդյոք մի կառավարության, որը հօգուտ իրեն կեղծել է 500000-700000 ձայն՝ կարելի՞ վստահել: Ասեք, արդյոք մենք կարող ենք վստահել մի կառավարության, որի պաշտոնավարման օրոք Վերահսկիչ պալատի կողմից մեկ տարվա բյուջետային ծախսերի ընդամենը 4 տոկոսի` պատահական ընտրանքով ստուգումների արդյունքում` հայտնաբերվել է 8 միլիարդ դրամի յուրացում: Պարզ էքստրապոլյացիայի մեթոդի կիրառումը ցույց է տալիս, որ միայն Վերահսկիչ պալատի կողմից բացահայտված պետական միջոցների յուրացման ծավալը կազմում է տարեկան կես միլիարդ դոլար: Եւ քանի որ զեկույցների հրապարակումից հետո ոչ ոք չի պատժվել, ես հարց եմ տալիս. կարելի՞ է վստահել սեփական ժողովրդից 4 տարվա ընթացքում առնվազն 2 միլիարդ դոլար գումար գողացած կառավարությանը»:
Կարդացեք նաև
Նաեւ հավելեց. «Այսօրվա աշխարհում դինամիկ տնտեսություն կառուցելու գրավականը մրցունակությունն է համաշխարհային շուկայում: Հայաստանի տնտեսությունը կորցրել է մրրցունակություննը: Ստեղծել եք մի տնտեսություն, որը հենվում է տրանսֆերտների վրա: Երբեւէ որեւէ քայլ չեք անի այս արատավոր համակարգը քանդելու համար, որովհետեւ սա ձեր իշխանությունը պահելու միակ ձեւն է: Արդյոք մենք կարո՞ղ ենք վստահել մի կառավարության, որը մատը մատին չխփեց Մարտի 1-ի զոհերի եւ հարյուրավոր վիրավորների համար: Այս հարցերը կարելի է շարունակել, բայց պատասխանն ակնհայտ է, պետք է օր առաջ այս կառավարությունից ազատվել»:
Վերջում Լեւոն Զուրաբյանը կոչ արեց ժողովրդին ամսի 26-ին գալ հանրահավաքի, ակտիվ հանրահավաքների մասնակցել: Հովիկ Աբրահամյանը արձագանքեց. «Մենք մտածում էինք այս ամբիոնը կոօգտագործեք, պարոն Զուրաբյան, բայց դուք էլի հանրահավաքներ եք անում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ