Երեկ կառավարության 2012-2017 թթ. ծրագրի վերաբերյալ լսեցինք ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր, դեռեւս ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանի տեսակետը։
– Ըստ էության, նախանշված ցուցանիշների ապահովումն իրատեսական եք համարում՝ տարեկան 7 տոկոս տնտեսական աճ, 100 հազար աշխատատեղ եւ այլն։
– Ես զարմանում եմ բոլորի վրա, ովքեր ասում են, որ իրատեսական չէ, այդ ի՞նչ ծրագիր է, որ իրատեսական էլ չլինի։ Իրատեսականը խնդիրների դրվածքի առումով իրատեսականից ավելի… Ենթադրենք, տան մեջ կնոջն ասում են՝ վերցրու փոշեկուլը եւ մաքրի սենյակը, սա իրատեսակա՞ն է, թե՞ ոչ։ Որ չանի, իհարկե, իրատեսական չէ։ Կառավարության ծրագրում գրվածի մասին ամոթ էլ է ասել՝ իրատեսական է, թե ոչ։ Հարցերը պետք է ձեւակերպենք՝ ուզո՞ւմ են իրենք անել, թե՞ ոչ։ Դրանք ակնհայտ խնդիրներ են, քաղաքացին չի կարողանում ապրել, աղքատության մակարդակը շատ ցածր է, եկամուտները շատ ցածր են։ Հիմա ամբողջ խնդիրն այն է՝ մենք ուզո՞ւմ ենք այդ խնդիրները լուծել, թե՞ ոչ։ Իսկ ի՞նչ է որ 7 տոկոս տարեկան աճ ապահովելը կամ 100 հազար աշխատատեղերի ստեղծումը։ Մարդը սոված է, ուտել է ուզում, հիմա սա իրատեսակա՞ն է, թե՞ իրատեսական չէ։ Ամոթ է այս մասին խոսելը։
– Ի դեպ, Հրանտ Բագրատյանն ԱԺ-ում կառավարության ծրագիրը քննարկելու ժամանակ նկատել էր, թե, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում 73 հազար գործազուրկ կա, մինչդեռ կառավարության ծրագրով նախանշվում է 100 հազար աշխատատեղի ստեղծման մասին։
Կարդացեք նաև
– Խիստ ընդդիմադիր կեցվածքով խոսում ենք, բայց որոշ մոտեցումներ կան, որ մինչեւ անգամ հնարավոր է զավեշտալի ներկայանան։ Ծրագրում, օրինակ, ամրագրվում է, որ առաջին դասարանցիները բոլորը կունենան համակարգիչներ եւ այլն։ Այսինքն՝ մոտեցումները եւս մարդկանց մոտ թողնում են անավարտության ինստիտուտը։ Հետեւաբար խնդիրը 100 հազար թե 200 գործազուրկների մասին չէ։ Կարեւոր է, որ քաղաքացին աշխատի, կարողանա ինքն ապրել արժանավայել։ Սա հայտնագործություն չէ կամ մեծ մոտեցում, պարզապես որոշում կայացնողներն ըստ էության իրենք պետք է կամք դրսեւորեն եւ քայլեր անեն։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
«Հրապարակ»