Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանի արտգործնախարարն ելույթ ունեցավ «Ռիո+20» գագաթաժողովին

Հունիս 21,2012 10:41


Հունիսի 20-ին Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկեց ՄԱԿ-ի «Ռիո+20» կայուն զարգացմանը և բնապահպանությանը նվիրված համաշխարհային գագաթաժողովը:

Գագաթաժողովի աշխատանքներին մասնակցում են 192 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, բազմաթիվ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ:

Այս ձևաչափով տասնամյակը մեկ գումարվող գագաթաժողովը համարվում է Կայուն զարգացման նպատակների իրականացման համաշխարհային նշանակության կարևորագույն միջոցառում:

Գագաթաժողովին ելույթով հանդես եկավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որն իր ելույթում անդրադարձավ կայուն զարգացման և բնապահպանության բնագավառներում Հայաստանի կողմից իրականացված քայլերին, խոսեց տարածաշրջանային զարգացմանը խոչընդոտող գործոններից, մասնավորապես, միջազգային իրավունքի խախտմամբ կիրառվող շրջափակումից, բնական պաշարների վաճառքից ստացված եկամուտները սպառազինությունների մրցավազք հրահրելուն ուղղված գործողություններից:

Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանն ակտիվորեն ներառված էր 1992թ. գագաթաժողովում և դրան հաջորդող 20 տարիների ընթացքում ջանքեր է գործադրել  հնարավորինս իրականացնելու առաջին գագաթաժողովի հռչակագրից բխող պարտավորությունները:

1994թ.-ից սկսած Կայուն Զարգացման տեսությունը և կիրառությունը ներառված են մեր համալսարանների կրթական ծրագրերում:

2002թ.-ին Հայաստանի կառավարությունը հիմնեց Կայուն Զարգացման Ազգային Խորհուրդ, իսկ այնուհետև՝ Կայուն Զարգացման Ծրագրի Գործողությունների Համակարգման Խորհուրդ:

2011-ին ստեղծվեց Ազգային Համակարգող Կոմիտե՝ այս գագաթաժողովին Հայաստանի մասնակցությունը նախապատրաստելու համար, որը հանգամանալից աշխատանք անցկացրեց, մշակեց և ակտիվ հանրային քննարկումներից  հետո այս կարևոր հանդիպման նախօրեին հրապարակեց «Ռիո+20» Հայաստանի Ազգային Գնահատման Զեկույցը:

Այսօր Հայաստանը մասնակցում է շրջակա միջավայրի վերաբերյալ 22 հռչակագրերի և արձանագրությունների և այս առումով ակտիվորեն համագործակցում է համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ:

Այս գագաթաժողովի շրջանակներում հունիսի 15-ին, Ռիո դե Ժանեյրոյում, Հայաստանը, մի շարք միջազգային կազմակերպությունների և առաջատար համալսարանների հետ համատեղ կազմակերպել է քննարկումներ նվիրված  կայուն զարգացման ինդեքսի հաշվարկման մեթոդաբանությանը, որը բավական արդյունավետ ընթացք է ունեցել:

«Հազարամյակի հռչակագրի կարևոր մաս նվիրված է անվտանգության և կայունության փոխկապակցվածությանը: Այդ առումով կառավարությունները պարտավորվել են ջանք չխնայել ժողովուրդներին պատերազմի աղետից ազատելու համար:

Այս համատեքստում սպառազինությունների մրցավազքի հրահրումը վտանգում է ոչ միայն խաղաղությունն ու անվտանգությունը, այլև կայուն զարգացումը: Դժբախտաբար մեր տարածաշրջանը զերծ չէ այդ վտանգից:

Այսօր, մենք ականատես ենք հարևան Ադրբեջանի ռազմական բյուջեի աննախադեպ աճին: Այդ երկրի ամենաբարձր ղեկավարության կողմից որդեգրած ռազմատենչ կեցվածքն իրական վտանգ է ներկայացնում տարածաշրջանային անվտանգությանը, կայունությանը և զարգացմանը», – ընդգծեց Հայաստանի արտգործնախարարը:

«Ռիո+20» գագաթաժողովի փոխնախագահ, ի թիվս այլ երկրների, ընտրվել էր և Հայաստանը, և այդ կապակցությամբ գագաթաժողովի նստաշրջանը հաջորդաբար վարում էր նաև ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը:

Նախարար Նալբանդյանի ելույթի տեսանյութը 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930