Արդեն յոթերորդ անգամ Տիկնիկային թատրոնի բեմ է բարձրացվում «Նեմեսիս» ներկայացումը: Նեմեսիսն այն օպերացիան էր, որով հայ երիտասարդները սպանեցին 1915 թվականին Հայոց ցեղասպանությունը կազմակերպողներին:
Ներկայացման բեմադրիչ Նարեկ Դուրյանի համոզմամբ, նմանատիպ ներկայացումներ հաճախ պետք է լինեն` ամիսը չորս-հինգ անգամ, սակայն ասում է` այդքան հանդիսատես չունենք. «Ես որոշեցի հենց սա բեմադրել, քանի-որ այն մեր հերոսական էջերից է: Գտնում եմ, որ դա ուղղակիորեն կապվում է այսօրվա ղարաբաղյան պայքարի հետ: Ցավոք մեր իրականությունում Սողոմոն Թեհլերյանի նմանները քիչ են»:
Դուրյանի խոսքով, բեմադրության վրա աշխատել են մեկ ու կես ամիս:
«Նեմեսիս»-ի մեջ Սողոմն Թեհլերյանը` երգիչ, դերասան Ավո Խալաթյանն էր, իսկ Թալեաթ փաշայի դերակատարը` դերասան Սարգիս Գրիգորյանը: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ մեծ հպարտությամբ է խաղում այդ դերը, քանի որ թշնամուն ուսումնասիրելն ու բացահայտելը, վատ կերպարի մեջ հանդես գալը ցանկացած լուրջ դերասանին պետք է պատիվ բերի. «Անընդհատ փորձում եմ ավելի կատարելագործվել»:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ