Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն իր այս կեցվածքը կպահպանի՞ նախագահական ընտրություններից հետո (Տեսանյութ)

Հունիս 20,2012 22:53

Ողջ նախընտրական շրջանում, երբ Վարդան Օսկանյանը հանդես էր գալիս վարչապետի, իշխանության հասցեին հայտնի քննադատական հայտարարություններով` ԲՀԿ խմբակցությունը չէր արձագանքում, կամ ասում էին, որ իր անձնական տեսակետն է: ԲՀԿ-ն հստակ դիրքորոշում չէր հայտնում՝ կիսո՞ւմ  է Վարդան Օսկանյանի քննադատական կարծիքը, թե՞ ոչ:

Այս առնչությամբ  Aravot.am-ը ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց՝ Ձեր այսօրվա հայտարարությունները կարո՞ղ ենք դիտարկել որպես արձագանք Վարդան Օսկանյանի ասածներին, եւ որ ԲՀԿ-ն սկսել է կիսել նրա կարծիքը: Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ չի հիշում մի դեպք, երբ որեւիցե մեկը մասնավորապես իրեն դիմած  լինի եւ այդ հարցի վերաբերյալ իր հստակ դիրքորոշումը չասի. «Ինչ վերաբերում է կառավարության գործունեությանը, ապա բոլոր ժամանակներում, անգամ այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն կազմում էր կոալիցիայի մաս, մենք մեր սկզբունքային դիրքորոշումը եւ մեր սկզբունքային անհամաձայնությունը վարվող տնտեսական քաղաքականության վերաբերյալ բազմիցս հայտնել ենք: Դրա  վկայությունն է նաեւ, որ շատ դեպքերում մեր քվեարկությունը տարբերվել է կոալիցիոն մեր գործընկերների քվեարկությունից: ԲՀԿ-ն մշտապես իր սկզբունքային դիրքորոշումը հայտնել է, եւ պատահական չէ, որ եղել են դեպքեր, որ վարկերի, տարբեր օրենսդրական նախաձեռնությունների հետ կապված վերջինը ընդամենը մի քանի  ամիս առաջ էր, երբ ԲՀԿ-ն կրկին դեռ կոալիցիայի մաս էր, երբ ԱԺ բերվեց կանխիկ գործառնությունների սահմանափակման մասին օրենքի նախագիծը, մեր կոալիցիոն երկու գործընկերները այլ դիրքրոշում ունեին, ԲՀԿ-ն՝ բոլորովին այլ դիրքորոշում ուներ: Խոսքը վերաբերում է նաեւ 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցմանը, երբ որ մենք կրկին կոալիցիայի մաս էինք, դարձյալ ունեինք մեր կոալիցիոն գործընկերներից տարբերվող դիրքորոշում: Մեր  դիրքորոշումը համահունչ էր ընդդիմադիր խորհրդարանական խմբակցություների դիրքորոշմանը:  Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանի՝ կառավարության գործունեության հասցեին հնչեցրած գնահատականներին, ապա ես ցանկացած այդ գնահատականի տակ կարող եմ ստորագրել»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե այդ կեցվածքը , այլընտրանքային կերպարը նախագահական ընտրություններից հետո հնարավո՞ր է վերանա, նկատի ունենք՝ հիասթափություններ կլինե՞ն հասարակության համար, թե՞ այս դիրքորոշումը կպահպանվի՝ տիկին Զոհրաբյանը պատասխանեց. «Ես վստահ եմ, որ ԲՀԿ-ն երբեւէ չի անելու որեւէ քայլ, որը կնվազեցնի հանրային աննախադեպ մեծ վստահության ռեսուրսը՝ մեր հանդեպ»:

Նաիրա Զոհրաբյանը հաստատեց, որ ԲՀԿ նախարարները պորտֆելը հանձնելուց առաջ հանդիպում են ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի հետ, եւ նախագահը նրանց հայտնել է իր գոհունակությունը. «Եղել է հանդիպում, ես դա շատ ցիվիլ եմ գնահատում, որ մարդիկ միմյանց հաջողություն են մաղթում եւ ցանկանում են բարի ճանապարհ, դա շատ նորմալ եւ ցիվիլ հանդիպում է եղել»:

Հնարավոր չէ՞ր տարբերակ, որ ԲՀԿ-ն իր պորտֆելները այնուամենայնիվ պահպաներ, որովհետեւ քննարկվում էր նաեւ այդ հարցը՝ Նաիրա Զոհրաբյանը կտրականապես պատասխանեց, որ ոչ, հնարավոր չէր. «Մենք ունեցել ենք մեր սկզբունքային դիրքորոշումը: Մենք ասել ենք, որ այս վարչապետը եւ այս կառավարությունը չունի իրավունք՝ ակնկալելու վստահության ռեսուրս»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930