Այսօր Aravot.am-ը ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերում ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի քննադատությանը, թե «գյուտ» եք արել՝ նա պատասխանեց. «Իսկ ձեր կարծիքով ինչպե՞ս պետք է վերաբերվեի: Ես իմ ասածը բացատրեցի: Երբ խոսակցությունը եղել է, համատեքստը հետեւյալն է, որ չկան նշված, թե ասենք, որտեղ է իրականացվելու ներդրումները, կոնկրետ որտեղ են ստեղծվելու աշխատատեղերը: Ես էլ ասեցի՝ դա կլինի բազմահատոր ստեղծագործություն, ես սկզբունքս ասացի, որ դա Խորհրդային ՞Միության պլանի նմանությունն է: Նման փաստաթուղթ կառավարությունները, որպես կանոն, երբ որ ներկայացնում են մեր երկրների նման կառուցվածք եւ կառավարում ունեցող երկրներում, չեն ներկայացնում եւ մեր ծրագիրը ֆորմատով շատ համահունչ է այդպիսի ծրագրերին»:
Մենք ճշտեցինք՝ այսինքն Դուք պնդում եք, որ կառավարության ծրագրում մեխանիզմները չպիտի՞ լինեն՝ նա պատասխանեց. «Պնդում եմ, որ մեխանիզմները կան, դա իմ մակարդակում նկարագրված է, երբ որ ասում ենք դա արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականություն է, եւ մենք արդեն իսկ ունենք արտահանման ն ուղղված արդյունաբերական քաղաքականության համաձայնագիր ճյուղի հետ՝ կոնյակագործների հետ եւ ստեղծված է հարթակ, որտեղ մասնավորն էլ կա, պետականն էլ կա, այդ ժամանակ արդեն մեխանիզմն ակնհայտ է, թե մենք ինչ ենք անում: Եթե մենք պետք է նշենք ցուցանիշ առ ցուցանիշ, թե այստեղ այս պիտի արվի, այնտեղ այն պիտի արվի, ես պետք է 5 տարվա ամբողջ գործունեության օրենսդրության փաթեթները հիմա բերեմ՝ դա, իմ կարծիքով, ոչ հնարավոր է, ոչ իրատեսական, ո՛չ էլ ցանկալի»:
Հարցին՝ նվազագույն աշխատավարձը ե՞րբ եք պատրաստվում կրկնապատկել՝ նախարարը պատասխանեց, որ 5 տարվա ընթացքում՝ կամաց-կամաց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև