Արարատ քաղաքի Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավանի Առողջության ապահովման եւ պահպանման կենտրոնում այսօր տոն էր: Նշվում էր բուժաշխատողների միջազգային օրը (Բուժաշխատողների միջազգային օրը նշվում է հունիս ամսվա երրորդ կիրակի օրը- հեղինակ): Կենտրոնի տնօրեն, ընտանեկան բժիշկ Սիրուն Գասպարյանն ինքն է նախաձեռնել միջոցառումը, ասում է` վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ է նման միջոցառում կազմակերպվում. «Ցանկանում եմ այստեղի բուժաշխատողների օրը հիշարժան դարձնել: Համոզված եմ` նրանք միշտ կհիշեն այս օրը»,- ասում է Սիրուն Գասպարյանը: Կարծում է` այս միջոցառումով ավելի կամրապնդվի «պոլիկլինիկայի» դերը բանավանի բնակիչների շրջանում. «Ուրախ եմ, մինչ այժմ դեռ ոչ մի բողոք, դժգոհություն չենք լսել բնակիչներից: Դրա վառ ապացույցը մեր դիմում-բողոքների գրքույքն է: Այն միշտ կարդում ենք, այնտեղ միշտ դրական կարծիքներ կան մեր աշխատակազմի մասին, այն կարդալիս մտավոր եւ ֆիզիկան հանգիստ ենք զգում»,- ասում է բժշկուհին: Իսկ այսօրվա միջոցառման կազմակերպչական աշխատանքներով որոշել է նա զբաղվել, հյուրերը Արարատի քաղաքապետարանից, Արարատի հիվանդանոցից եւ Արարատի մարզպետարանից են, արարողությանը մասնակցում են բանավանի մանկապարտեզի, դպրոցի, Վեդի քաղաքի «Մշակույթի» տան սաները: