Լրահոս
Օրվա լրահոսը

«Միշտ էլ կլինեն կյանքում անկումներ ու վերելքներ». Բազմաթիվ դժվարություններից հետո Անահիտի հորդորը բոլորին` լավատեսորեն ապրելն է

Հունիս 20,2012 19:01

Անահիտի համար մանկական տարիները մղձավանջ են հիշեցնում: Սարսափով է հիշում մանկությունը եւ հիշողություններն անգամ հերթական սթրեսի առիթ են հանդիսանում. «Մենք ապրում էինք ծայրահեղ աղքատության մեջ: Երեք երեխա էինք. Ես, քույրս եւ եղբայրս: Հայրս առողջական լուրջ խնդիրներ ուներ, որի հետեւանքով չէր կարողանում ֆիզիկական աշխատանք կատարել, իսկ մայրս անում էր` ինչ կարողանար, որ մենք քաղցած չմնայինք, ընդհուպ մինչեւ հարեւանների տունը մաքրել, նրանց օգնել այս կամ այն գործում, որի դիմաց ստանում էր չնչին գումար, երբեմն էլ կատարած աշխատանքը փոխհատուցվում էր սննդով կամ հագուստով: Հայրս 10-ամյա կրթություն է ստացել, թեեւ սեր ունեցել է ուսման նկատմամբ, բայց այդպես էլ ուսումը շարունակել չի կարողացել, քանի որ նրա ընտանիքը նույնպես ֆինանսական ծայրահեղ ծանր վիճակում է եղել եւ նպատակահարմար էր, որ հայրիկը օգներ պապիկին զբաղվել հողագործույամբ, ապրուստի միջոց ունենալու եւ գոյատեւելու համար: Իսկ մայրս դեռ մեկ տարի էլ չկար, ինչ սովորում էր Տեխնիկումի հաշվապահական բաժինը, երբ հայրս փախցրեց: Հայրս ստիպված է գնում այդ քայլին, քանի որ իրենց միությանը մայրիկիս ընտանիքը դեմ է եղել` ելնելով հայրիկիս ֆինանսական ծանր վիճակից: Մայրիկիս ծնողները հրաժարվել են որեւէ կերպ աջակցել նորաստեղծ ընտանիքին, քանի որ այդ ժամանակ ծնողներիս նման քայլը պապիկս անպատվաբեր է համարել, եւ՛ իր, եւ՛ իր ընտանիքի նկատմամբ: Արդյունքում տուժել ենք մենք՝ երեխաներս.. »,-պատմում է Անահիտը: Ծայրահեղ աղքատության մեջ, ապրելով ցուրտ եւ խոնավ տան պայմաններում հիվանդանում է տան կրտսեր երեխան՝ Անահիտի 3-ամյա եղբայրը. «Ոչինչ անել չկարողացան ծնողներս: Հարեւաններն ու ծանոթները գումարով օգնեցին որքան հնարավոր էր, բայց եղբորս կյանքը փրկելն այդպես էլ չհաջողվեց: 13 տարեկան էի այդ ժամանակ. Այսօրվա պես հիշում եմ, թե ինչպես բժիշկը դուրս եկավ պալատից` գլուխ կախ, նայեց մեր կողմը, այնուհեւ աչքերը հառեց հայրիկի վրա, գլուխը տարուբերեց, դեմքը լի ափսոսանքով արտաբերեց հետեւյալը. «Այլեւս ոչինչ անել չենք կարող. շատ եք ուշացրել…»: Հայրիկիս համար սա մեծ հարված էր, արդյունքում ցավն ու կսկիծը  միաձուլվելով իր ֆիզիկական առողջականին, չդիմանալով  երկու տարի անց, նա էլ մահացավ»: Ընտանիքում մնացին երեքով: Անահիտն էլ է սկսում զբաղվել այն աշխատանքով, ինչ մայրն էր անում. «Ես չնայած այդ ժամանակ 15-16 տարեկան էի, բայց ինձ բավականին մեծ ու հասուն էի զգում: Փորձում էի ամեն բան անել մայրիկին օգնելու համար: Քուրս դեռ փոքր էր` 8 տարեկան, բայց նա էլ անցավ այն ամենի միջով, որը չէի ցանկանա տեսներ»: Արդեն բավականին  ժամանակ է անցել, Անահիտն ամուսնացել է ունի երկու փոքրիկ, բայց նրա մտքում, հոգում դեռ պահպանվել են մանկական եւ պատանեկան ծանր կյանքից մնացած դառը հիշողությունները, որը երբեմն հանգեցնում է սթրեսի. «Մեկ-մեկ զգում եմ, որ շատ նյարդային եմ դառնում, ինչ-որ սթրեսային վիճակներ են լինում, բայց այդ ամենից ինձ կարողանում է հանել ամուսինս: Շնորհակալ եմ Աստծուն, որ հանդիպել եմ նրան: Նա ինձ համար, թե՛ ամուսին է, եւ թե հոգեբան»: Այժմ ապրում են Սյունիքի մարզում, ամուսնու ընտանիքում: Ամուսնու՝ Գեւորգի մայրը, մահացել է իր ծննդաբերության ժամանակ, իսկ հայրը Ռուսաստանում թանի վաճառման կետում է աշխատում. «Հայրս է ինձ պահել, խնամել, մեծացրել տատիկիս հետ միասին: Ես առաջնեկն եմ եղել, բայց մայրիկս այդպես էլ ինձ տեսնելու, սիրելու, պահելու հնարավորություն չի ունեցել: Հայրս այդպես էլ ընտանիք որեւէ կնոջ հետ չի ստեղծել, երեւի պատճառը մայրիկի նկատմամբ եղած մեծ սերն է եղել»,-ժպիտով ասում է Գեւորգը:

Անահիտը հորդորում է բոլորին երբեք չհուսահատվել ու չհուսալքվել. «Միշտ էլ կլինեն կյանքում անկումներ ու վերելքներ: Այն ամենը ինչ ես եմ տեսել, ինչի միջով իմ ընտանիքն է անցել, այսօր ես եւ Գեւորգը անում ենք ամեն հնարավորն ու անհնարինը երեխաներին անհոգ մանկություն ապահովելու համար: Ես չեմ զգացել, թե դա ինչ է, բայց ամեն բան անում եմ, որ երեխաներս զգան»,-ասում է Անահիտը:

Քրիստինա Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930