Այսօր Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը: «Գերտերություններից երեքը`ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու Ռուսաստանը, Մինսկի խմբի անդամ են և լինելով միջնորդ` իբրև թե պետք է պահպանեն բալանսը հակամարտող կողմերի միջև: Բայց սա այն դեպքը չէ, որ պետք է պահպանվի բալանսը. երբ որ բացեիբաց ադրբեջանցի դիվերսանտի դիակը հայտնվում է Հայաստանի Հանրապետության կամ Արցախի վերահսկողության տակ գտնվող տարածքներում: էդտեղ հեծանիվ պետք չէ հորինել կամ հնարել որևիցե բան, որպեսզի ապացուցես, թե ի՞նչ գործ ունի ադրբեջանցի դիվերսանտի դիակը Հայաստանի տարածքում, եթե ինքը չի ներթափանցել Հայաստան: Ի՞նչ է` հայերը գնացի՞ն, սպանեցին ադրբեջանցուն, բերեցին, դրեցին իրենց տարածքու՞մ, էդպիսի բան չկա: Եթե այդ ժամանակ նույն պաշտոնական Վաշինգտոնը, Փարիզը և Մոսկվան անատամ, անվնաս և լղոզված հայտարություններով հանդես չգային` երկու կողմերին կոչ անելով զինադադարը պահպանել, չթեժացնել իրավիճակը, Ադրբեջանը էսքան չէր ակտիվանա: Ադրբեջանը ակտվանում է այն պատճառով, որ միջնորդները կաշկանդված են իրենց հայտարարություններում », -ասում է քաղաքագետը: Ըստ նրա, թեև հասկանալի է` ինչո՞ւ են այդքան վախենում միջնորդները. վերջիններս կաշկանդվում են նրանից, որ Ադրբեջանը իրենց կողմից հնչեցրած քննադատությունը կհամարի որպես միակողմանի հայտարարություն, կորակի որպես հայամետ դիրոքորոշում ունեցող ու կհասնի իր ուզածին` այնպես կանի, որ կցրեն Մինսկի խումբը: « Բայց դա էլ նույն Ռուսաստանի, Ֆրանսիայի ու ԱՄՆ ձեռքում է, իրենք շատ մեծ լծակներ ունեն գործելու Ադրբեջանի վրա , Եվրոպական պետությունները դեմոկրատական առումով կգործեն Ադրբեջանի վրա, որովհետև Ադրբեջանը և դեմոկրատիան բացարձակ տարբեր բաներ են, իսկ Ռուսաստանը կարող է ազդել իր տարածքում անլեգալ բնակվող ու աշխատող 3 միլիոն ադրբեջանցիներին վտարելու պահով: Ամենաքիչն եմ դա ասում, էլ չեմ ասում, որ էնտեղ կան նավթային կորպորացիաներ, որոնք ահռելի մեծ ներդրումներ ունեն ադրբեջանական տնտեսության մեջ, և շատ լավ կարող են Իլհամ Ալիևից պահանջել իրենց ունեցվածքի անձեռնմխելիությունը և անվտանգությունը», – ասում է Գագիկ Համբարյանը:
Ըստ նրա, այս պետությունները ամենաթեթև հանգամանքներով կարող են կարգի հրավիրել Ադրբեջանին, բայց չեն անում, որովհետև կան ուժեր, որոնք ցանկանում են իրավիճակը սրել տարածաշրջանում: «Այդ ամենը ավելի շատ կապված է ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ Իրանի միջուկային ծրագրի և Իրանի կողմից վարվող տարածաշրջանային քաղաքականության հետ խնդրի հետ: Էսօրվա դրությամբ Իրանի խնդիրը ավելի շատ կարևոր է միջազգային հանրության համար, քան Լեռնային Ղարաբաղի խնդիրը , և սրանից էլ ուզում է նաև օգտվել Ադրբեջանը` հաշվի առնելով իր հարաբերությունները արևմտաեվրոպական պետությունների և Իսրայելի հետ ` թե քաղաքական և թե տնտեսական, բացի դրանից ինքը ուզում է էս ամեն ինչում ունենալ իր օգուտը, ամենաքիչը Լեռնային Ղարաբաղը, ամենաշատը նաև Հյուսիս-արևմտյան Իրանը, ինչպես որ իրենք կամաց-կամաց պետական մակարդակով, իրենց մեջլիսում արդեն հայտարություններ հնչեցրեցին, որ Ադրբեջանը պետք է վերանվանեն Հյուսիսային Ադրբեջան, այսինքն իրենք բացեիբաց ցույց են տալիս, որ իրենք տարածքային պահանջներ ունեն Հարավային հարևանի նկատմամբ, որտեղ գտնվում է Հարավային Ադրբեջանը», -մեկնաբանում է քաղաքագետը :
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ