Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության օրինագծին, որով նախատեսվում է Սեւանից ավելի շատ ջուր բացթողնել

Հունիս 20,2012 18:29

ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը Սամվել Բալասանյանի նախագահությամբ հունիսի 20-ի նիստում քննարկեց «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  եւ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնք ներկայացրեց  ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Օրենսդրական փոփոխությունների այս փաթեթով կառավարությունն առաջարկում է 2012 թվականին Uեւանա լճից ջրի բացթողման տարեկան առավելագույն չափաքանակ uահմանել  մինչեւ  320 մլն խորանարդ մետրը՝ 150 միլիոն խորանարդ մետրով ավելացնելով օրենքով սահմանված ծավալը: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը նախաձեռնությունը հիմնավորեց ոռոգման ջրի սակավությամբ, Ապարանի, Ազատի ջրամբարներում, Հրազդան գետում սպասվածից քիչ ջրային պաշարներով, ինչի հետեւանքով դեֆիցիտը կկազմի 150 մլն խորանարդ մետր:

Քննարկելով Սեւանա լճից լրացուցիչ ծավալով ոռոգման նպատակով ջրի բացթողման հարցը՝ հանձնաժողովն առաջարկեց հաշվարկները ներկայացնել տեղեկանքի տեսքով՝ առավել հիմնավոր պատկեր ունենալու համար: Միաժամանակ, ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշեց, որ հարցը քննարկվել է նաեւ հասարակական կազմակերպությունների հետ, եւ եկել են այն եզրակացության, որ սակավաջրության խնդիրն իսկապես արդիական է: Նրա խոսքով, սակայն, պետք է անպայման շեշտել «մինչեւ  320 մլն խորանարդ մետր» ծավալը, քանի որ չի բացառվում ՝ հնարավոր լինի բավարարվել ավելի քիչ քանակությամբ:

Հանձնաժողովը քննարկված օրինագծերի վերաբերյալ տվեց դրական եզրակացություն:

ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստի օրակարգի առաջին կետով հաստատեց հանձնաժողովի կանոնակարգը:

Panorama.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930