Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Հովհաննիսյան. «Մեր կառավարությունը վարագույր է ծառայում՝ ինչ-որ մարզային մակարդակի ցեղախմբերի առաջնորդների համար»

Հունիս 20,2012 18:19

«Ո՞ր նախագահի ժամանակ է ավելի վատ եղել, որի՞ ժամանակ ավելի շատ մարդ է փախել Հայաստանից, ինչպիսի՞ն է եղել տնտեսության  կառուցվածքը»,- ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկմանը իր ելույթում հարցրեց ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Նա առաջարկեց մի սեմինար կազմակերպել՝ այս համեմատություններն անելու համար, հստակեցնելու, թե ով որ ժամանակ կոալիցիայի մեջ է եղել, ով՝ ոչ, որի համար ո՞ր կառավարությունն ավելի հոգեհարազատ է եւ այլն. «Այս երկրում տնտեսության տերը, ժողովրդի համար պատասխանատուն կառավարությո՞ւնն է, թե՞ ինչ-որ ուժեր: Կարծում եմ, մեր կառավարությունը վարագույր է ծառայում՝ ինչ-որ ուրիշ ուժերի համար, ինչ-որ մարզային մակարդակի ցեղախմբերի առաջնորդների համար՝ իրենց շրջապատով, ինչ-որ տնտեսական կլանների համար, ինչ-որ խմբերի, որոնց ներկայացուցիչները կան այսօր այս դահլիճում: Դրա մասին պետք է բաց խոսենք: Կառավարությունից չպահանջենք բաներ, որ ինքը չի կարող անել: Եթե հետ քաշեն այս վարագույրը, տեսնեն ինչ է կատարվում այս վարագույրի հետեւում, կկարողանանք ինչ-որ բան անել: Բայց մենք անընդհատ գործ ունենք փաստաթղթերի հետ, որոնք զարմանքով տեսնում են, որ չիրականացան: Իսկ կարո՞ղ էին իրականանալ, ումի՞ ց ենք ինչ սպասում: Այս վիճակից դուրս գալու միակ ձեւը անկեղծությունն է, այս դահլիճում այդ անկեղծությունը չի հնչում»:

Պարոն Հովհաննիսյանը մի օրինակ բերեց, երբ անկեղծությունը չի պահպանվել ՀՀԿ-ի կողմից՝ «Պարզ օրինակ, լսել եմ վերջերս ելույթներ, սոցիալական ծրագրեր են ներկայացվում, որ գործադիր իշխանության մակարդակով վերահսկել եւ վերաուղղորդել տնտեսական տարբեր ճյուղեր: Բայց այդ բաները, երբ մենք ասում էինք նախընտրական կամպանիայի ժամանակ, ՀՀԿ-ի մեր գործընկերներն ասում էին՝ սա հնարավոր չի, ո՞նց ա հնարավոր աշխատավարձը երկու անգամ բարձրացնել, պարզվեց՝ հնարավոր է, հա՞: Թող հարգելի կառավարությունը հասկանա՝ ոչ ոք ոչ մի վայրկյան չի կասկածում, որ այս դահլիճում, այս մասում նստած մարդիկ պակաս հայրենասեր են, ո՛չ, հայրենասեր են, բայց չեն կարող, ոչ թե չեն կարող՝ որ խելքը, ունակությունը չունեն, ունե՛ն, բայց երկրի կառավարման մեխանիզմները հնարավորություն չի տա իրականացնելու: Երկրի կառավարման սիստեմն այլեւս ապականված է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930