Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյանը՝ վարչապետին. «Կառավարության ֆունկցիան չի ծնելիություն խթանել »

Հունիս 20,2012 17:54

 «Ծրագրում ոչինչ չտեսա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ի իր ելույթում: Նա պատմեց, որ վերջերս եղել է Դիլիջանում, տեսել է այնպիսի քարուքանդ միջպետական նշանակության ճանապարհներ, որ տեղացիներին հարցրել է՝ իշխանության ներկայացուցիչները՝ ՀՀԿ-ն, նախընտրական քարոզչության ժամանակ այդ ճանապարհով չի՞ անցել: Տեղացիները Նիկոլ Փաշինյանին հայտնել են, որ անցել է, բայց այդ ժամանակ «փոսերի մեջ ավազ է տրամբովկա արել, որը դիմացել է մինչեւ առաջիկա անձրեւները»:

Նիկոլ Փաշինյանը ոչ մի գնահատական այսօրվա իրավիճակի մասին կառավարության ծրագրում չի տեսել, ըստ նրա՝ կառավարությունն առաջնորդվել է՝ որքան քիչ խոսենք այսօրվա խնդիրներից, այդքան լավ սկզբունքով. «Կառավարությունը չի նշում, թե որքան է այսօր աղքատության մակարդակը, կարդացողը կմտածի, թե նախկինում Տիգրան Սարգսյանի կառավարությունը հասցրել է 11%-ի, հիմա էլ ուզում է արմատախիլ անել»:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ պետք է ճշտին ճիշտ ասել, սխալին՝ սխալ. «Հայաստանում 98 000 մարդ այսօր ծայրահեղ աղքատ է, պետք է տեսնենք, թե այս պարագայում ինչպես պետք է տնտեսությունը զարգացնենք: Ո՞վ է ասել, որ շինարարությունները պիտի զարգանա, մյուս ճյուղերը՝ ոչ: Մենք պետք է վստահենք պետական կառույցներին: Ինչու ենք անընդհատ խոսում Վրաստանի մասին, միգուցե շատ ենք խոսում, PR ենք անում»:

Ալեքսանդր Արզումանյանի դիտարկմամբ՝ «Դուք 4 տարվա փորձ ունեք, նոր վարչապետ չեք, նման բարի ցանկությունների ծրագիր կարող էիք շուտ իրականացնել: Նախագահական ընտրությունները անփորձանք, անշառ անցկացնելու, այսպես ասած՝ ձմեռը հանելու կառավարություն է սա: Կառավարության ֆունկցիան չի ծնելիություն խթանել, ճիշտ ախտորոշել՝ բա մինչեւ հիմա ճիշտ չէի՞ք ախտորոշում, դուք պայմաններ ստեղծեք, մարդիկ կծնեն էլ, ճիշտ էլ կախտորոշվեն: Կյանքի բարելավումը պետք է ակնառու լինի, որ մարդ ցանկություն ունենա ոչ թե փախնի, այլ՝ երեխա ունենա: Սրանք սաղ կենացներ են, կենացների ժողովածու կարող ենք ասել: Մի թիվ եք տվել՝ ՀՆԱ աճի, միջազգային ռիսկերն են չլսված, 40 էջ ծրագիր եք տալիս եւ վերջին երկու էջում, թե ինչու չեք այդ ծրագիրն իրականացնելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930