Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. ԲՀԿ-ն պետք է հրաժարվի խորհրդարանական պաշտոններից

Հունիս 20,2012 17:33

Ի տարբերություն ՀՅԴ-ի, «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունն այսօր հայտարարությամբ չհստակեցրեց իր՝ ընդդիմություն լինելը: Aravot.am-ի հետ զրույցում այս առիթով «Ժառանգություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Ստեփան Սաֆարյանն ասաց, որ ԱԺ կանոնակարգ-օրենքն իմպերատիվ պահանջ է դնում, որպեսզի ԱԺ-ում ներկայացված խմբակցությունները հստակ ներկայացնեն՝ ընդդիմությո՞ւն են, թե՞ իշխանություն. «Եթե ԲՀԿ-ն հանդես չի եկել հայտարարությամբ, որ ինքն ընդդիմություն է, ապա, այդ դեպքում, պետք է ասել, որ ԱԺ կանոնակարգ-օրենքով ընձեռված հնարավորություններից նա պետք է հրաժարվի: Այդ իրավունքները երաշխավորված են ընդդիմության համար»: Խոսքը վերաբերում է հանձնաժողովների նախագահներ եւ փոխնախագահներ ունենալուն:

Ստեփան Սաֆարյանի կարծիքով, ԲՀԿ-ի հանձնաժողովների նախագահների եւ փոխնախագահների պաշտոնները պետք է վերաբաշխվեն ընդդիմադիր խմբակցությունների միջեւ: Հիշեցնենք, որ երեկ Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էլ ասել էր, որ ԱԺ կանոնակարգ-օրենքը նման իմպերատիվ պահանջ չի դնում:

Այսօր «ՀԺ»-ին տված հարցազրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը խոսելով ԲՀԿ-ի ընդդիմություն-իշխանություն կեցվածքի մասին՝ նկատել էր, որ ԲՀԿ-ն ոչ իշխանություն է, ոչ ընդդիմություն. գտնվում է կառուցողական դաշտում՝ լավին՝ լավ է ասում, վատին՝ վատ: Այս առիթով էլ Ստեփան Սաֆարյանն ասաց. «ԱԺ կանոնակարգում նման կատեգորիաներ չկան: Կա կառավարություն ձեւավորած քաղաքական ուժեր հասկացությունը եւ ընդդիմություն հասկացությունը: Եթե կառուցողական դաշտը քաղաքագիտական եւ իրավական կատեգորիա է, ուրեմն, բարի լինեին, այն ամրագրել ԱԺ կանոնակարգ-օրենքով: Քանի դեռ չեն ամրագրել, որ կա երրորդ դաշտ՝ կառուցողական, ապա ստիպված պետք է լինեն կանոնակարգը կիրառել այն տեսքով, ինչպես որ կա: Իսկ այս գրված է կառավարություն ձեւավորող ուժերի եւ ընդդիմության համար»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930