Այսօր Aravot.am-ը Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանից հետաքրքրվեց, թե ԱԺ օլիգարխ-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որին և պատկանում է Ախուրյանի հսկայական շաքարի գործարանը, այս տարի համագործակցության առաջարկով հանդես եկե՞լ է: Երկու տարի է` այս գործարանի սեփականատերը փորձում է համոզել շիրակցի գյուղացիներին, որ նրանք կարտոֆիլ կամ հացահատիկ ցանելու փոխարեն ճակնդեղ արտադրեն իր գործարանի համար, սակայն այդպես էլ նրանց հետ լեզու չի գտնում, քանի որ, ըստ գյուղացիների` 1 կիլոգրամի դիմաց չնչին գումար է առաջարկում` ընդամենը 45 դրամ:
«Այս տարի նման քննարկում չի եղել, ժողովուրդը միանշանակ դեմ է ճակնդեղ արտադրելուն, եթե հիշում եք՝ անցած տարի մեկ կիլոգրամի դիմաց առաջարկեցին 45 դրամ, իսկ սա ծիծաղելի գումար է, ճակնդեղ ցանելը շատ աշխատատար է, գյուղացուն հսկա չարչարանքի դիմաց ընդամենը 200 հազար դրամ եկամուտ կմնա, մինչդեռ շատ ավելի եկամտաբեր է ու քիչ աշխատատար կարտոֆիլ ցանելը: 2-3 հոգին կարող են կարտոֆիլը 1 օրվա քաղհան անել, իսկ ճակնդեղը քաղհան անելու համար առնվազն 10 օր է հարկավոր: Բացի այդ, հողերն այնպիսի վիճակում են, որ հնարավոր չէ բարձր բերքատվություն ստանալ: Ճիշտ է` իրենք տեխնիկա խոստանում են , բայց Բելառուսից բերած տեխնիկան մեր հողերի վրա չի աշխատի, անհրաժեշտ է ԱՄՆ-ից բերել», -պարզաբանեց Ազատանի գյուղապետը:
Նշենք, որ ԽՍՀՄ տարիներին Ազատանը եղել է ամենաշատ շաքարի ճակնդեղ արտադրող տեղանքը: Ըստ Վարդան Իկիլիկյանի, շաքարի գործարանի տնօրինությունն ամենապակասը 1 կիլոգրամի համար գյուղացուն պետք է վճարի 60-70 դրամ:
Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանն էլ այս թեմայի շուրջ տեղեկություններ չուներ: Ըստ նրա, այս տարի ճակնդեղ ցանելու առաջարկ չի եղել, մինչդեռ այս հարցում շահագրգռված պետք է լիներ գործարանի տնօրինությունը: Պարոն Մանուկյանի մեկնաբանմամբ, Շիրակի մարզի գյուղացիները արդեն մասնագիտացված են հացահատիկ ու կարտոֆիլ ցանելու մեջ, այս ճյուղերն են ավելի եկամտաբեր, գնային սանդղակով ավելի մատչելի, քանի շաքարի ճակնդեղի արտադրությունը: «Գերմանիայից սարքավորումներ ենք բերել կարտոֆիլ արտադրելու համար, եկամտի հաշվարկով այն ավելի ձեռնտու է», -ասաց մարզպետարանի պաշտոնյան:
Կարդացեք նաև
Իսկ թե ինչո՞ վ է այս պահին աշխատում շաքարի գործարանը, մեր զրուցակիցների տեղեկություններով, հումքը դարձյալ դրսից են բերում ու վերամշակում:
Նշենք, որ այս գործարանի աշխատակիցները մի քանի օր առաջ բողոք-նամակներ էին հղել տարբեր լրատվամիջոցների` դժգոհելով ստեղծված պայմաններից , սակայն լրագրողներին այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել գործարանի նորանշանակ ղեկավարության հետ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ