Լրահոս
Օրվա լրահոսը

Լրացուցիչ դեղորայքը չէր կանխի մահը Ստացվել է բժշկական հանձնաժողովի եզրակացությունը

Հունիս 20,2012 16:09

Ռուբեն Այվազյան

Օրեր առաջ «Վարկած» մամուլի ակումբում լրատվամիջոցներին հանդիպած իրավագետ Ռուբեն Այվազյանը տեղեկացրեց 82-ամյա հոր՝ Լեւի Այվազյանի մահվան հանգամանքների մասին, մեղադրելով բժիշկ Տիգրան Այյանյանին՝ հորը սպանելու համար:

Ինչպես Aravot.am-ում տեղեկացրել էինք/«Իրավագետը մեղադրում է բժշկին հոր մահվան համար»/, նա մեղադրում էր բժիշկ Տիգրան Այյանյանին, ասելով, որ նա  չունենալով ուրոլոգի կամ նեֆրոլոգի համապատասխան որակավորում, հոր օրգանիզմի ջրազրկման նպատակով նշանակել է մեծ քանակության ջրազրկող ֆուրասեմիդ:

«Ես բողոքեցի, որ ֆուրասեմիդի չափաբաժինը պակասեցվի, հորս նշանակվի այլ դեղորայք: Սակայն բժիշկը ասաց, որ բացի ֆուրասեմիդից, այլ ներերակային դեղ չի սրսկվել»,- ասում է իրավագետ ներկայացած Ռ.Այվազյանը:

Բժիշկ Տիգրան Այյանյանն իր հերթին պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ինչպիսին էր հիվանդի վիճակը, երբ բերվեց, պատասխանեց՝ հիվանդին իր մոտ են բերել սայլակով.«Ծանր էր, շատ ծանր: Դեռ չպառկեցրած անկողնում, սկսեցինք նրան հետազոտել: Սրտային անբավարարություն էր մոտը, միակողմանի արյան հոսքը չէր ապահովվում»:

Ռուբեն Այվազյանը պնդում էր, թե տեղի է ունեցել առանձնապես դաժան սպանություն, եւ բժիշկը պետք է իր գործունեության համար դատապարտվի ցմահ ազատազրկման:

Այսօր տեղեկացանք, որ առողջապահության նախարարի թիվ 1272-Ա հրամանի հիման վրա ստեղծված հանձնաժողովը /Համլետ Հայրապետյան, Տիգրան Աստվածատրյան, Սալբի Մխիթարյան կազմով/ ուսումնասիրելով Լեւ Այվազյանի հիվանդության պատմությունը, հանգել է այսպիսի եզրահանգման:

Հիվանդը ընդունվել է 3-րդ կլինիկական հիվանդանոցի սրտաբանական բաժանմունք՝ ծայրահեղ ծանր վիճակում, որը պայմանավորված է եղել խրոնիկ ծանր սրտային անբավարարությամբ, շաքարային դիաբետի բարդություններով եւ զարկերակային հիպերտենզիայով: Անմիջապես սկսվել է հիվանդի հետազոտումը եւ բուժումը: Ըստ բժիշկների. «Հիվանդի որդին անհարկի միջամտել է բժիշկների գործողությանը եւ բուժման նորմալ ընթացքին /պարտադրել է նշանակել «հեմոդեզ» դեղորայք, որը ցուցված չէ տվյալ պաթոլոգիային եւ պացիենտին/:

Ըստ բժիշկների, «չնայած ադեկվատ բուժմանը, հիվանդի վիճակը չի բարելավվել, եւ հիվանդանոց ընդունվելուց հետո հիվանդը 2 օր անց մահացել է»:

Բժիշկների ուսումնասիրություններով, պաթանատոմիական հետազոտությամբ հաստատվել է կլինիկական ախտորոշումը:

Հանձնաժողովը հանգել է այն բանին, որ հիվանդի ախտորոշումը եւ բուժումը եղել է համապատասխան եւ գրագետ, հիվանդության ելքը պայմանավորված է եղել «բազմագործուն ծանրությամբ եւ նախահիվանդանոցային բարձիթողի վիճակով»:

Ավելին, բժիշկները այն համոզմանն էին, որ լրացուցիչ դեղերի եւ բուժական միջամտությունների ներգրավումը չէր փոխի հիվանդության ելքը:

 Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930