Այսօր ԱԺ-ում ԲՀԿ-ն չհայտարարեց ընդդիմադիր լինելու մասին, ինչպես սպասումներ ուներ ՀԱԿ-ը: Այդուամենայնիվ, երբ այդ առնչությամբ ԲՀԿ-ական պատգամավորներից լրագրողները մեկնաբանություն էին խնդրում, վերջիններս հորդորում էին սպասել մինչեւ կառավարության ծրագրի քվեարկությունը: Տիգրան Ուրիխանյանի խոսքերով՝ «Սպասեք, կտեսնեք՝ ինչպես է ԲՀԿ-ն քվեարկելու եւ ամեն ինչ պարզ կլինի»: Ինչպես տեղեկացրել ենք, ԲՀԿ-ն որոշել է դեմ քվեարկել կառավարության ծրագրին, ինչը հաստատեց նաեւ Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքերով՝ «Մենք բազմիցս ասել ենք, որ ԲՀԿ-ն իրական այլընտրանք է: Կարծում եմ ժամանակն է, որ մենք սովորենք մեր քաղաքական դաշտը բացառապես սեւի եւ սպիտակի չբաժանելու: ԲՀԿ-ն իրեն տեսնում է կառուցողական դաշտում, իրական այլընտրանք է: Եթե կլինեն դեպքեր, իսկ նման դեպքեր եղել են եւ կլինեն, որտեղ ոտնահարվում է ժողովրդի շահը, որոնք համահունչ չեն լինի ԲՀԿ-ի ծրագրերին, ապա անպայմանորեն շատ օբյեկտիվ, առանց ավելորդ աղմուկ-աղաղակի, շատ փաստարկված ձեւով ԲՀԿ-ն այդ ամենի մասին կխոսի: Եթե կլինեն նախաձեռնություններ, անկախ նրանից, թե դրանք որ քաղաքական ուժի կողմից ներկայացված կլինեն, եթե դրանք համահունչ կլինեն մեր ծրագրին, եւ այն խոստումներին, որոնք ԲՀԿ-ն տվել է մեր ժողովրդին ու մեր ընտրողներին, մենք այդ նախաձեռնությունները կպաշտպանենք: Առաջիկայում ԲՀԿ-ն այդ դիրքորոշումը հստակ ապացույցը կլինի, թե ինչպես է իրականում պետք, որ աշխատի խորհրդարանական խմբակցությունը»:
Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին՝ ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ չեն լինում վատ կամ լավ ծրագրեր: Լինում է քաղաքական թիմ, որը ի վիճակի է իրականացնել, եւ թիմ, որն ի վիճակի չէ իրականացնել ծրագիրը. «Ես կարծում եմ, որ ցանկացած կառավարություն երկրորդ անգամ վստահության քվե ակնկալելու բարոյական իրավունք ունի այն ժամանակ, երբ որ նախորդ ծրագիրը, եթե անգամ փայլուն չի հաջողել, ապա գոնե աննախադեպ չի ձախողել: Ես կարծում եմ, որ մենք գործ ունենք մի իրականության հետ, երբ այս վարչապետի գլխավորությամբ նույն այս քաղաքական թիմը անգամ նույն քաղաքականությունն են շարունակելու, այսինքն՝ անգամ քաղաքականության մեջ փոփոխություն չի եղել, չի լինելու, չի հաջողել 2008-2012-ի ծրագիրը»:
Նաիրա Զոհրաբյանը նաեւ նշեց, որ այս կառավարությունը գերակա խնդիր էր դրել աղքատության նվազումը, բայց մենք ունենք 35% աղքատության աճ, նախորդ ծրագրում նշված էր, որ ներդրումային 10% աճ կլինի, ինչն, իհարկե, չի կատարվել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ