Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Հովհաննիսյանը՝ հայ-թուրքական բանակցությունների եւ իրարամերժ հայտարարությունների մասին

Հունիս 20,2012 15:36

ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն այսօր ԱԺ-ում վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց. «Իրարամերժ հայտարարությունները, որ կատարվել են նախընտրական փուլում, դրանից առաջ, պահանջում են, որ այս հարցի պատասխանը լսվի, ուզում ենք հասկանալ՝ Ձեր կողմից հռչակված եւ շատ քաղաքական ուժերի կողմից ողջունված եվրոպական ինտեգրացիոն գործընթացը շարունակվելո՞ւ է այս կառավարության կողմից, թե՞ Եվրասիական ինտեգրացման պրոցեսները սրան խոչընդոտ կարող են հանդիսանալ: Եվ երկրորդ հարցը՝ Ձեր կառավարության, ոչ թե Ձեր օրոք Հայաստանը ձեռնամուխ եղավ մի արտաքին քաղաքականության, մի դրսեւորման ձեւավորման, որը տարբեր անվանումներ ստացավ՝ նախաձեռնողական քաղաքականություն, գիշերային դիվանագիտություն, ֆուտբոլային, խայտառակ, ես վերջին ձեւակերպմանն եմ համաձայն, բայց դա կարեւոր չէ: Պարզ դարձավ, որ հայ-թուրքական  բանակցությունների մեթոդական սխալն այն էր, որ ուզում էինք, որ թուրքերը մեզ համար սահման բացեն՝ ելնելով մեր երկկողմանի հարաբերություններից»:

Տիգրան Սարգսյանը պատասխանեց, որ Եվրոինտեգրացիան եւ Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներն իրարամերժ չեն՝ այդ երկու գործընթացներն իրար հակադրելը սխալ է. «Մեր արտաքին քաղաքականության մեջ էլ այս երկու ուղղությունները հստակ երեւում են: Հայաստանը շարունակելու է Ազատ առեւտրի համաձայնագրի ստորագրման գործընթացը, մենք մտել ենք մի գործընթացի մեջ, որը 6 ռաունդ է պարունակում, առաջին 3-ը այս տարի ենք պլանավորում, դա մեր պետության շահերից է, որովհետեւ մեզ համար նոր շուկաներ են բացվում: Ազատ առեւտրի համաձայնագիր ստորագրեցինք նաեւ Սանկտ-Պետերբուրգում»:

Հայ-թուրքական հարաբերությունների մասին էլ նա ասաց, որ մեր պետությունը 20 տարի այս սկզբունքով է առաջնորդվում՝ Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ՝ առանց նախապայմանների. «Մենք հավատարիմ ենք մնալու այս սկզբունքին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930