Այսօրվանից ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում կսկսվի հայրենիքի դավաճանության, դրան աջակցելու, իմանալ-չհայտնելու համար երկարատեւ ազատազրկման դատապարտված Կարեն Մեհրաբյանի, Ռոմիկ Մաթեւոսյանի, Աշոտ Չտրկյանի, Կարեն Պետրոսյանի, Արթուր եւ Դավիթ Ավետիքյանների գործով վերաքննիչ բողոքների քննությունը:
Վերաքննիչ բողոք է բերել առաջին եռյակը:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացած դատական քննության ժամանակ տեղեկացրել էինք, որ Կ.Մեհրաբյանը, ըստ գործի նյութերի, 2011թ. սկզբներին գտնվելով Թուրքիայում՝ ընկել է այդ երկրում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտը և այդ ծառայությունների աշխատակցի կողմից ստացել առաջարկ՝ համապատասխան վարձատրության դիմաց համագործակցել նրանց հետ: Հավաքագրվելով հետախուզական ծառայությունների աշխատակիցը հանդիսացող Տիգրան և Վարդան անուններով անձնավորությունների կողմից, Կարեն Մեհրաբյանը ստացել է կոնկրետ գրավոր առաջադրանքներ ԼՂՀ ՊԲ վերաբերյալ տեղեկություններ ձեռք բերելու ուղղությամբ, այդ թվում` ՊԲ անձնակազմի, զենքի, զինամթերքի և զինտեխնիկայի քանակի և տեսակի, զորամասերի և դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների, սարքերի և սարքավորումների վերաբերյալ: Վերադառնալով Հայաստան` ձեռնամուխ է եղել այդպիսի տեղեկություններ հավաքելուն, փորձել է ծանոթություններ հաստատել իրավասու անձանց հետ և գործընթացին ներգրավել ՀՀ ՊՆ աշխատակիցների ու ԼՂՀ քաղաքացիների և հավաքած տեղեկատվությունը 2011թ. հուլիսի 23-ին փորձել տանել Թուրքիա, սակայն հայ-վրացական սահմանը հատելու պահին բռնվել է ՀՀ ԱԱԾ կողմից, այսինքն՝ աշխատակիցների լրտեսության ձևով պետական դավաճանության մեջ: Նույն կերպ հավաքագարվել էր Ռոմիկ Մաթևոսյանը, որը ստացել էր առաջադրանքներ` Թուրքիա աշխատելու նպատակով ժամանած ՀՀ քաղաքացիների միջից գտնել հավաքագրման համար հավանական անձանց: Վերադառնալով Հայաստան՝ նա փորձել էր տեղեկություններ հայթայթել իրավասու` զինծառայողներ հանդիսացող անձանցից:
Աշոտ Չտրկյանն էլ ընկերոջը՝ Կ. Մեհրաբյանին «հնարավորինս օժանդակել է»:
Կարդացեք նաև
Կարեն Պետրոսյանը չի հայտնել իրավապահ մարմիններին, իսկ Արթուր եւ Դավիթ Ավետիքյաններն էլ հորաքրոջ աղջկա ամուսին Կարեն Մեհրաբյանի մտադրությունների մասին իմացել- չէին հայտնել:
Aravot.am-ը ստացել է նամակ Աշոտ Չտրկյանի կնոջից՝ Լիլիթ Հովհաննիսյանից: Նա տեղեկացնում է, որ ամուսնուն ձերբակալել են անցյալ տարվա հուլիսի 23-ին՝ ինտերնետ-ակումբում:Ըստ նամակագրի, ամուսինը Թուրքիա էր մեկնել անցյալ տարվա մայիսի կեսին, վերադարձել, քանի որ մտադիր էր մեկնել Ռուսաստան աշխատելու նպատակով:
«Աշոտ Չտրկյանին մեղադրում են, որ օգնել է, 300 դոլար է փոխանցել եւ համակարգիչ է տրամադրել Կարեն Մեհրաբյանին: Ո՞ր փաստի կամ ապացույցի հիման վրա են դատում անմեղ մարդուն: Գլխավոր դատախազին բազմիցս դիմեցինք ներկա լինել դատալսումներին, կանխելու անարդարությունը: Իմ ամուսինը հայրենասեր է, խնդրում եմ փրկեք մի հայ ընտանիք, հանուն Աստծո, հանուն արդարության, հանուն խղճի, հանուն իմ որդու»,- գրում է Լ.Հովհաննիսյանը:
Նա իր պատրաստակամությունն է հայտնում ամուսնու անմեղությունն ապացուցող փաստերը ներկայացնել լրատվամիջոցին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ