Մինչեւ այս տարվա վերջ Ռուսաստանը կրկնապատկելու է Հայաստանում գտնվող իր ռազմակայանի պայմանագրային զինծառայողների թիվը: Այդ մասին չորեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց Ռուսաստանի Հարավային զինվորական օկրուգի մամուլի քարտուղար, գնդապետ Իգոր Գորբուլը:
«Գյումրիում գտնվող ռուսական [102-րդ] ռազմակայանի պայմանագրային զինծառայողների թիվը մինչեւ 2012 թվականի վերջը կկրկնապատկվի», – ասաց Գորբուլը` նշելով, թե առաջիկայում ռազմակայան կժամանի պայմանագրային զինծառայողների առաջին խումբը` 160 հոգի:
Նա, սակայն, հրաժարվեց հայտնել, թե մինչեւ տարվա վերջ 102-րդ ռազմակայանում որքան կկազմի պայմանագրային զինծառայողների ընդհանուր թիվը` պատճառաբանելով, թե դա ռազմական գաղտնիք է:
«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի պայմանագրային զինծառայողների թվի կրկնապատկումը եւ նույն ռազմակայանի ռազմական ինքնաթիռների թռիչքների հաճախականության աճը մոտ 20 տոկոսով, որի մասին տեղեկությունը Իգոր Գորբուլը հրապարակեց մոտ տասն օր առաջ, վերջինս պատասխանեց, թե նպատակը Ռուսաստանի Հարավային զինվորական օկրուգի զորամասերի, այդ թվում` Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի մարտունակության բարձրացումն է:
Կարդացեք նաև
«Ռուսաստանի զինված ուժերը աստիճանաբար անցնում են պայմանագրային հիմունքների, ինչը կապված է մեր զինված ուժերի արդիականացման հետ», – հավելեց Իգոր Գորբուլը:
«Հայաստանում գտնվող ռուսական ռազմակայանում տեղի ունեցող փոփոխությունները կարո՞ղ ենք կապել հայ – ադրբեջանական սահմանին վերջին շրջանում նկատվող լարվածության աճի հետ», – «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Գորբուլը արձագանքեց. – «Մենք ոչնչի հետ չենք կապում: Ուղղակի զբաղվում ենք մարտական պատրաստվածության ծրագրի իրականացմամբ»:
Հարավային զինվորական օկրուգի մամուլի քարտուղարը նաեւ, փաստորեն, չբացառեց, որ Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի հետ կապված առաջիկայում կարող են լինել այլ նորություններ: «Հետեւեք Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջին», – ասաց նա:
Սարգիս Հարությունյան