Այսօր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ Դուք հաճախ եք այցելում «Հարսնաքար», ի՞նչ եք հագնում, միշտ կոստյումո՞վ եք մտնում: Նա պատասխանեց. «Չէ, բայց սպորտային հագուստով ես ռեստորան չեմ գնում, երբեք չեմ գնում»: Նա վստահեցրեց, որ ինքը «Հարսնաքար» մտնում է սոլիդ հագնված. «Սպարտիվկա չեմ հագնում, էլի ռեստորան գնալուց»:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ Ձեր ընկերն է Ռուբեն Հայրապետյանը, չե՞ք ասի՝ նա վճռակա՞ն է տրամադրված՝ այս գործում մեղավորներին պատժելու հարցում՝ նա պատասխանեց. «Ռուբեն Հայրապետյանը սաղին գործից հեռացրել է»: Թե քանի՞ հոգու է ազատել՝ պարոն Ալեքսանյանը չկարողացավ ասել. «Ես չեմ իմանում, ազիզ ջան, մի բան գիտեմ, որ բոլորին հեռացրել է, թե քանի հոգու՝ չեմ կարող ասել: Ես էլ աշխատողներ ունեմ, Հայրապետյանն էլ աշխատողներ ունի, ես էլ բարեկամներ ունեմ, Հայրապետյանն էլ բարեկամներ ունի: Հիմա մեր աշխատողները կամ բարեկամները ինչ վատ բան անեն՝ մենք դրանում ինչո՞վ ենք մեղավոր»:
Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ եթե «Փարվանայում» նման միջադեպ լինի՝ Դուք ո՞նց կվարվեք՝ նա պատասխանեց. «Ճիշտն ասած, երբ ռեստորանը նոր էինք բացել, որ չհետեւեինք, երեւի նման բաներ մեր մոտ էլ կլիներ: Շուտ դեմը առանք՝ դրա համար չեղավ»: Հարցին՝ ո՞նց եք դեմը առել՝ նա ասաց. «Դե, ընենց ենք արել, որ տենց բաներ չլինի: Մեր մոտ էլ մի քանի հատ դեպքեր եղան, նենց չի, որ չի եղել մեր մոտ էլ, եղել է»: Դիտարկմանը՝ որ Ձեր մեթոդները պարոն Հայրապետյանին հուշեիք՝ նա ասաց. «Պարոն Հայրապետյանն ի՞նչ իմանար, որ նման բան կլիներ»:
Եթե Ռուբեն Հայրապետյանի տեղը դուք լինեիք՝ ո՞նց կվարվեիք՝ Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Ոնց որ պարոն Հայրապետյանը՝ հեռացնելով աշխատողներին: Կաշխատենք, որ նման դեպքեր չկրկնվի»: Որպես ՀՀ քաղաքացի, պատգամավոր ճի՞շտ էր զինվորական բժիշկներին չայցելելը, հիվանդանոց չգնալը՝ հարցին պարոն Ալեքսանյանը այսպես պատասխանեց. «Հայրապետյանը կգնա, էլի: Մենք էլ կգնանք տեսակցության»: Մենք նաեւ ճշտեցինք՝ չի՞ եղել, որ Ձեր թիկնապահները, Ձեր անվտանգության աշխատողները Ձեր թասիբը պահելու համար ծեծեն ինչ-որ մեկին՝ նա պատասխանեց. «Ազիզ ջան, ես էլ առաջներում, դուք էլ երեւի գիտեք, լիքը պրոբլեմներ եմ ունեցել, լինում է, էլի, կյանք է, փորձություններ լինում է, ամեն ինչ էլ լինում է: Մենք էլ ենք զգաստանում»:
Կարդացեք նաև
Փակ շուկայի հետ կապված պարոն Ալեքսանյանը նշեց, որ այն նոր պայթյունը, որը եղել է տարածքում, շուկայի հետ կապ չունի. «Այնտեղ ինչ-որ մոյկայի մատոռն են միացրել, ինչ-որ ձայն է եկել, այսինքն՝ շուկայի հետ ոչ մի կապ չունի»: Հարցին՝ Փակ շուկայի գործը ե՞րբ կավարտվի՝ նա հստակ ժամկետներ չնշեց՝ ասելով՝ «Երբ որ վերջացնենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ