Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանը զարմացած է

Հունիս 20,2012 14:02

Ազգային նվագարաններին տիրապետող երիտասարդ երաժիշտների նման առատություն նա չէր սպասում

Ժամանակին՝ կինոյի զարգացմանը զուգահեռ (20-րդ դարի կեսեր), ասում էին, թե թատրոնը մեռնող արվեստ է: Նույն կերպ էլ, ժամանակակից երաժշտության տարածման հետ միասին, նույնիսկ մասնագետներն էին պնդում, թե ժողովրդական արվեստը, մասնավորաբար՝ ժողովրդական նվագարանները դուրս են գալիս ասպարեզից: Սակայն Ազգային նվագարանների եւ ժողովրդական երգի անհատ կատարողների հանրապետական 4-րդ մրցույթի ժյուրիի նախագահ, կոմպոզիտոր, մեծանուն Թաթուլ Ալթունյանի որդին՝ Ռուբեն Ալթունյանը պնդում ու հավաստիացնում է հակառակը:

«Առավոտի» հետ զրույցում նա ասաց, որ հունիսի 10-ին մեկնարկած աշուղ Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին նվիրված մրցույթի առաջին փուլն ունեցել է շուրջ 90 մասնակից՝ Երեւանից եւ Հայաստանի մարզերից: Երկրորդ փուլ անցել են 40-ը՝ դժվարացնելով ժյուրիի աշխատանքը, քանի որ մրցանակային տեղերը սահմանափակ են, իսկ հիշյալ մրցույթին մասնակից են հայկական գրեթե բոլոր ժողովրդական նվագարանները եւ պետք է ընտրվեն լավագույնները, այդ թվում՝ նաեւ ժողովրդական, աշուղա-գուսանական երգի կատարողներից: Նա հավելեց, թե իսկապես ժողովրդական արվեստը կարծես նահանջ էր ապրել, սակայն ավանդական դարձած մրցույթը ոգեւորություն է առաջացրել ժողովրդական արվեստի կատարողների ու երկրպագուների շրջանում՝ շեշտելով կարեւոր հանգամանք. «Բացառվում են զանգերը, միջնորդությունները՝ այս կամ այն երաժշտին առաջնություն տալու համար»: 57 տարվա աշխատանքային փորձառություն ունեցող կոմպոզիտորը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորը, «հինգ մատի նման» իմանալով ոլորտը, հաճախ կասկածել է, թե ժողովրդական նվագարանների հանդեպ հետաքրքրությունը հատուկ է միայն մարզաբնակներին: Նա հաճելիորեն զարմացել է՝ տեսնելով երեւանաբնակ երաժիշտների մասնակցությունը մրցույթին: «Մտածում էի, որ ուդահար, քամանչահար, սանթուրահար եւ այլ ժողնվագարանների մասնագետներ չունենք: Այս մրցույթին նրանց տեսա եւ իսկապես զարմանք ապրեցի: Հասկանալի է, որ դուդուկահարը նույն վարպետությամբ կարող է տիրապետել շվիին, զուռնային, պկուին, պարկապզուկին, քամանչահարը՝ քամանիին, սակայն երիտասարդ երաժիշտների այսպիսի առատություն, ամեն դեպքում, չէի սպասում…»,- նշեց պարոն Ալթունյանը: Հաստատելով այն, որ մրցույթին գերակշռում են քանոնահարները, դուդուկահարները եւ ժողովրդական երգի կատարողները, կոմպոզիտորն ասաց. «Դա այդպես էլ պետք է լիներ, քանի որ անվանի քանոնահար, կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի, դուդուկահար Ջիվան Գասպարյանի շնորհիվ այդ նվագարանները մի այլ ձեւի են մխրճված հայերիս հոգում»:

Անդրադառնալով մրցույթին՝ մեր զրուցակիցը հայտնեց, որ այն տեղի է ունենում բոլոր նվագարանների կատարողների միջեւ, մանրամասնելով, թե քանոնահարները մրցում են միմյանց հետ, դուդուկահարները՝ իրար մեջ եւ այլն: «Ժյուրիի կազմում են պրոֆեսորներ՝ ժողովրդական նվագարանների եւ երգեցողության ամբիոնի վարիչ Արզաս Ոսկանյանը, քանոնահար Անժելա Աթաբեկյանը, ուդահար Միհրան Դեմիրճյանը եւ այլք, մրցույթի կազմկոմիտեի նախագահ պրոֆեսոր Դավիթ Ղազարյանի ղեկավարությամբ»,- հայտնեց պարոն Ալթունյանը:

Մրցույթի գալա համերգն ու մրցանակաբաշխությունը տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ հունիսի 26-ին:

Մեր զրուցակցին հիշեցնելով, թե տարբեր ժամանակահատվածներ աշխատել է Երգի-պարի, 1983-96-ին՝ Հայաստանի գուսանական եւ ժողովրդական երգի պետական անսամբլներում եւ, որ ամենակարեւորն է՝ հոր հետ կարճ ժամանակահատված՝ 1969-70-ը հանդիսացել է Երգիպարի անսամբլի երաժշտական ղեկավար, հետաքրքրվեցինք՝ այդքանով ավարտե՞լ է ժողովրդական երաժշտարվեստում իր առաքելությունը, Ռուբեն Ալթունյանն ասաց. «Վերջերս իմ կողմից հիմնադրած էքսպերիմենտալ ֆոլկ անսամբլի հետ հունիսի 24-ին մշակույթի նախարարության նախաձեռնությամբ մեկնում ենք Հորդանան՝ մասնակցելու երկու երկրների միջեւ մշակութային կապերի հաստատմանը»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930