Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ թե մշակութային հեքիաթ, այլ փաստերի ներկայացում

Հունիս 20,2012 13:55

Հայկական ժողովրդական նվագարանները պետք է միջազգայնացնել

«Տկզար» պետական անսամբլի հիմնադիր եւ բազմամյա գեղարվեստական ղեկավար Կարլեն Միրզոյանը գտնում է, որ մեր ժողովրդական նվագարանները հանրահռչակման կարիք ունեն: Դրա համար նա առաջարկում է, որ պետական մակարդակով նշվի «Տկզարի» հիմնադրման 30-ամյակը, կազմակերպվի միջազգային գիտական կոնֆերանս, նկարահանվի պատմափաստագրական ֆիլմ:

«Առավոտի» հետ զրույցում նա փաստում է՝ չնայած հայ ազգային նվագարանները իրենց ծագման եւ զարգացման ընթացքում բավականին խոչընդոտներ են ունեցել՝ ազգային իրավիճակի, ասպատակությունների, պետականության բացակայության պատճառով, բայց նույնիսկ այդ ամենը չի խանգարել, որ պանդուխտ հայը իր հետ մի նվագարան, մասունք, մի գիրք տանի ու տարածի աշխարհով մեկ:

Միրզոյանը նշում է, որ մեր մեծերը՝ սկսած Կոմիտասից, Սպենդիարյանից ու Խաչատրյանից, անդրադարձել են ժողովրդական նվագարաններին: Սակայն այլ թերացում ունենք՝ ազգային նվագարանների պատմական փաստագրության, վավերագրական տեղեկագրերի եւ այլնի իմաստով: Նա ահազանգում է՝ եթե շարունակենք նման կերպ անտարբեր եւ ոչ հոգատար գտնվել, ամեն ինչ կկորցնենք:

Հայկական ազգային նվագարանները միջազգայնացնելու թիվ մեկ ճանապարհը, ըստ «Տկզարի» հիմնադրի, ինչպես վերը նշեցինք, ժողովրդական նվագարանների թեմայով կոնֆերանսն է, որի համար մեր զրուցակիցը բոլոր շահագրգիռ կողմերին առաջարկում է հոգատարություն ցուցաբերել ու զերծ մնալ զուտ նեղ, սահմանափակ գործողություններից: Նա նաեւ մի մեծ ցանկություն ունի՝ նախ այլ ազգերը ընդունեն եւ ճանաչեն մեր ազգային նվագարանները, ու որպեսզի ճանաչեն, դրա մասին պետք է խոսեն հենց իրենք. «Աշխարհի բոլոր համալսարանների ֆոլկլորային բաժինները զերծ չեն կարող մնալ հայ ազգայյին մշակույթից ու մեր նվագարաններից, որովհետեւ ամբողջ սեպագիր արձանագրությունները փաստեր են հղում եւ մեզ զգուշացնում են՝ տեր կանգնել իրենց: Հարուստ փաստագրություն կա, եւ մենք ապագայում դա կներկայացնենք; Պետք է մարդկանց գիտակցությանը հասցնել, որ ոչ թե մշակութային հեքիաթ ենք ստեղծում, այլ փաստերը արձանագրում»:

Որպեսզի երիտասարդները հետաքրքրված լինեն ազգային նվագարաններով, Կարլեն Միրզոյանն առաջարկում է, որ Դպրոցականի ֆիլհարմոնիան առաջվա նման ինտենսիվ աշխատի ու դպրոցականները նախկինի պես ունենան աբոնեմենտներ՝ կիրակի օրերը լսեն լավ երաժշտություն, այդ թվում՝ ազգային:

Պարոն Միրզոյանը հիշեց, որ «Տկզարի» մասին առաջինը խոսել է արվեստաբան Հենրիկ Իգիթյանի հետ, նա մի ճերմակ թուղթ է տվել մաեստրոյին ու առաջարկել գրել մտահղացման մասին:

1982-ին արդեն հիմնադրվել է «Տկզար» նվագախումբը:

Երաժիշտը չի հիշում, թե հայաստանյան TV-ներով կամ ռադիոյով վերջին անգամ «Տկզարից» ինչ է եթեր գնացել, երախտապարտ է բրիտանական դեսպանատանը, որ վերջերս կայացած մի միջոցառման ժամանակ տկզար նվագարանը ներկայացվեց ու իր նվագախմբի մենակատարները ելույթ ունեցան:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930