Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Բաբայան. Թատրոնը չունի ոչ անցյալ, ոչ էլ ապագա, այն ունի միայն ներկա

Հունիս 20,2012 13:52

Հունիսի 6-13-ը Քիշնեւում կայացել է ԱՊՀ ու Բալթյան երկրների երիտասարդ թատերական գործիչների միջազգային համաժողովը: Հայաստանից մասնակցում են բեմադրիչ Նարինե Գրիգորյանը, դրամատուրգ Հովհաննես Թեքգյոզյանը, թատերագետ Ռուզաննա Առաքելյանը, բեմադրիչներ Կարինե Եզիազարյանն ու Նարեկ Քեշիշյանը:

Համաժողովի ընթացքում անցկացվել են վարպետության դասեր՝ ռուսաստանյան հեղինակավոր թատերագետների կողմից, երիտասարդ բեմադրիչների փառատոն, բեմանկարիչների աշխատանքների ցուցահանդես, թատերական քննարկումներ եւ երիտասարդ դրամատուրգների պիեսների շնորհանդեսներ:
Այսօր մշակույթի նախարարությունում կայացած ասուլիսի ժամանակ Ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը նշեց, որ մեր մշակութային գործիչները, հաղթելով տարբեր փառատոներում, շատ հաճելի պահեր են մատուցում մեզ. «Դա փաստ է, որ մեր մշակույթը ունի որոշակի լավ մակարդակ»:
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը ներկաներին տեղեկացրեց, որ այս ծրագիրը մշակվել է երկու տարի առաջ ու իր մասշտաբով աննախադեպ համաժողով է եղել. «Մրցակցությունը մեծ էր: Մեր երիտասարդները պատրաստված են ներկայացել: Մթնոլորտը շատ հետաքրքիր էր: Ես գնացի մի-փոքր ուշ: Նման ընդունելություն, որին արժանացավ մեր` «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացումը, դեռեւս չէր եղել: Ճիշտ է` լավագույն եռյակում է այն, բայց դա նույնպես հաղթանակ էր»:
Ղազանչյանը համոզված է` նման համաժողովները պետք է շարունակական լինեն, քանի որ ավելացնում են երիտասարդների փորձը: Ըստ նրա, գալիս է իրենց փոխարինող բավականին հետաքրքիր սերունդ:
Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն ասաց` ամաչելու ոչինչ չունենք. «Երբ դու լավագույն թատերական դպրոցներ ունեցող երկրների հետ խոսում ես հավասարը հավասարի հետ, դրանով կարելի է նաեւ հպարտանալ: Թատրոնը չունի ոչ անցյալ, ոչ էլ ապագա, այն ունի միայն ներկա»:
«Թռիչք քաղաքի վրայով» ներկայացման բեմադրիչ Նարինե Գրիգորյանն էլ փաստեց, որ իրենք չեն ունեցել ենթագրեր, ինչի համար էլ անհանգստացել է. «Նույնիսկ այդ դեպքում մեր ներկայացումը վիզուալ հետաքրքիր էր: Վերջում ներկաներից շատերը մոտենում էին ու ասում` շատ հետաքրքիր էր»:

 

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930