Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զորանոցի տարածքը մաքրել չցանկանալու համար

Հունիս 20,2012 13:49

Քրեական պատասխանատվության ենթարկելու առիթը

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, արդարացման դատավճիռ է կայացրել զինվորական ծառայության առանձին պարտականություններից հրաժարվելու մեջ մեղադրվող շարքայիններ Արման Գեւորգյանի եւ Աբգար Չախոյանի նկատմամբ:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ իրենց նկատմամբ պետ հանդիսացող վաշտի ավագ, շարքային Մ. Ա.-ից օրինական եւ սահմանված կարգով հրաման ստանալով մաքրել վաշտի զորանոցի տարածքը՝ տղաները միասին հրաժարվել են կատարել զինվորական ծառայության առանձին պարտականությունները, որն էլ զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ: Այնուհետեւ նրանք նաեւ հրաժարվել են իրենց նկատմամբ պետ հանդիսացող, գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Ա. Վ.-ի՝ մաքրություն կատարելու պահանջներից:

Վերոնշյալ արարքի համար Գեւորգյանի եւ Չախոյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել եւ որպես խափանման միջոց ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը:

Նրանց պաշտպաններ Հովսեփ Հովսեփյանն (լուսանկարում) ու Լեւոն Գոգինյանը նշում են, որ հենց սկզբից էլ առաջադրված մեղադրանքն անհիմն էր ու ենթակա էր մերժման:

Պաշտպանները պնդում են, որ զորամասի հրամանատարությունը, համաձայն իրենց կանոնադրության, ընդամենը կարգապահական պատասխանատվության պիտի ենթարկեր տղաներին:

«Հրամանը եղել է օրինական, սակայն կոնկրետ հրամանը չկատարելը տվյալ զինծառայողների կողմից ոչ թե քրեորեն պատժելի արարք պետք էր դիտարկել, այլ պետք է դիտարկվեր որպես կարգապահական զանցանք»,- ասում է Արման Գեւորգյանի պաշտպան Հովսեփ Հովսեփյանը:

Նա նշում է, որ նախաքննական մարմինը չէր անդրադարձել այն հարցին, թե արդյոք ամբաստանյալների արարքը կարգապահական զանցանք չէ՝ բացատրելով, որ տղաների արարքը որակելով որպես զինվորական հանցագործություն՝ նախաքննական մարմինը նրանց արարքին տվել է սխալ քրեաիրավական գնահատական:

«Տղաները որեւէ կոնկրետ պարտականությունների կատարում ստանձնած չեն եղել, չեն եղել նաեւ վերակարգում, հերթական հավաքարարների ցուցակում, հետեւաբար՝ չէին կարող հրաժարվել զինվորական ծառայության առանձին պարտականությունների կատարումից: Նրանք եղել են ազատ զինծառայողներ եւ իրենց պետերի կողմից կոնկրետ հրաման ստանալով՝ մաքրել զորանոցի տարածքը, ընդամենը հրաժարվել են այդ կոնկրետ հրամանը կատարելուց»,- ասում է Հովսեփ Հովսեփյանը:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930